Ընթացիկ ծախսեր՝ աշխատավարձ, թոշակ բարձրացնելու համար պարտք չենք վերցնում․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022թ. պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ անդրադարձել է պետական պարտքի ցուցանիշին։ Նրա խոսքով՝ կառավարությունը գոհ կլինի, եթե մինչև 2026թ․ պետական պարտքի ցուցանիշը ՀՆԱ-ի նկատմամբ 60%-ից ցածր լինի։

 

Վարչապետը նշել է, որ 2022թ․ արդյունքներով` պարտք-ՀՆԱ ցուցանիշը կազմում է 46,7%: 2017-ին այդ ցուցանիշը եղել է 58,9%։

 

«Պարտքի գնահատման առումով ուզում եմ  արձանագրել, որ նոմինալ  պարտքը մեծացել  է։ Ընդ որում, մեծացել է նաև հասկանալի պատճառներով, որովհետև վարկային ծրագրեր ունենք, նաև քովիդի կառավարումն է շատ մեծ ռեսուրսներ պահանջել, ու արտաքին պարտքն այդ ժամանակ նույնպես մեծացել է»,-ասել է նա։

 

Վարչապետը նաև կարևորել է այն հանգամանքը, որ կառավարությունը պարտքը ծախսում է միայն կապիտալ նպատակներով․

 

«Ընթացիկ ծախսեր՝ աշխատավարձ, թոշակ բարձրացնելու համար պարտք չենք վերցնում»:

 

Փաշինյանը խոսել է նաև գնաճի տեմպերից՝ նշելով, որ այստեղ որոշակի կայունացում է նկատվում։

 

«Ապրիլի դրությամբ գնաճը վերադարձել է բյուջեով կանխատեսված ու նախատեսված ցուցանիշներին, ու հույս ունենք, որ այս դինամիկան կպահպանվի», - ասել է նա։

Քաղաքականություն