«Սևան ազգային պարկ»-ի տնօրենների, աշխատակիցների կողմից կոռուպցիոն հանցագործություններ են կատարվել

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2 մասնաճյուղերի տնօրեններն ու աշխատակիցները կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են կատարել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

 

Քննությամբ հիմնավորվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի 5 և «Վարդենիս» մասնաճյուղի 4 տեսուչները 2012-2019թթ ընթացքում տարբեր ամսիների և օրերի չեն հաճախել աշխատանքի, փաստացի չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։ Նրանցից ոմանք այդ ընթացքում նաև բացակայել են հանրապետությունից։ Սակայն, ինչպես հայտնում են ՔԿ-ից նշված մասնաճյուղերի տնօրեններ Հ.Մ․-ն և Մ․Հ․-ն չաշխատած օրերի սյունակում բացականեր չեն նշել։

 

Նշվում է ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի տնօրենը ևս 2019թ․ հուլիս-նոյեմբեր ժամանակահատվածում աշխատանքի չի հաճախել, սակայն չաշխատած օրերի համար աշխատավարձ է ստացել։

 

Կատարվածի հետևանքով ՀՀ պետական բյուջեից ելքագրվել է ընդհանուր 4․158․011 ՀՀ դրամի չափով աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է։

 

Պարզվել է նաև, որ ՊՈԱԿ-ի երկու մասնաճյուղերի տնօրենները, տեղյակ լինելով 2019թ նույն մասնաճյուղերի երեք տեսուչների կողմից Սևանա լճից ձկան ապօրինի արդյունահանում կատարելու մասին, տեսուչներից որպես կաշառք պահանջել և ստացել են «Սիգ» տեսակի ձկներ: Հայտնի է դարձել, որ «Արևիկ» մասնաճյուղի նախկին տնօրենը նույն մասնաճյուղի 2 տեսուչներին ինքն է թույլատրել Սևանա լճից իրականացնել ձկների ապօրինի արդյունահանում։

 

Բացի այս, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի նախկին տնօրեն Հ․Մ․-ն 2017-2018թթ ընթացքում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի «Արեգունի» տեղամասից ապօրինի հատել է 18 հատ սոճի՝ բուսական աշխարհին պատճառելով ընդհանուր 1 375 000 ՀՀ դրամի գույքային վնաս։

 

Ձեռք բերված փաստերի հիման վրա «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Վարդենիս» և «Արևիկ» մասնաճյուղերի տնօրեններին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական դիրքը չարաշահելով հափշտակություն կատարելու, պաշտոնեական կեղծիքի, կաշառք ստանալու, «Արևիկ» մասնաճյուղի անտառագետին՝ կաշառք ստանալու, մասնաճյուղերի 5 տեսուչներին՝ կաշառք տալու համար։

 

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել կալանքը, որը հետագայում փոխարինվել է գրավով, իսկ մյուս 8 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

 

Նախաքննությունն ավարտվել է, և 9 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթն ուղարկվել է դատարան:

Քաղաքականություն

Պատահարներ