Անպատասխանատու պահվածքի ևս մեկ օրինակ․ ԱՄՆ-ն՝ Բելառուս ռուսական միջուկային զենքի փոխադրման մասին
Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է ռուսական միջուկային զենքի փոխանցումը Բելառուս, սակայն առայժմ պատճառ չի տեսնում վերանայելու իր միջուկային ուժերի պատրաստությունը, այսօր կայացած ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Ես չեմ խոսի որևէ փաստի կամ գնահատականի մասին, որ մենք կարող ենք ունենալ, ասեմ, որ մենք խստորեն դատապարտում ենք այս համաձայնագիրը, սա անպատասխանատու պահվածքի ևս մեկ օրինակ է, որը մենք տեսնում ենք Ռուսաստանից»,- ասել է նա։
Նա կրկնել է, որ ԱՄՆ-ն «միջուկային ուժերի պատրաստվածության հարցում իր մոտեցումը փոխելու պատճառ չի տեսնում»։
Ավելի վաղ՝ մայիսի 25-ին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ ռուսական մարտավարական միջուկային զենքի փոխանցումը հանրապետություն արդեն սկսվել է։ Ճշտող հարցին, թե արդյոք մարտավարական միջուկային զենքն արդեն կա Բելառուսում, Լուկաշենկոն ասել է, որ դա կպարզաբանի հանրապետություն վերադառնալուց հետո։
Առավոտյան հայտնի դարձավ, որ Բելառուսի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիկտոր Խրենինը և Սերգեյ Շոյգուն Մինսկում ստորագրել են փաստաթղթեր, որոնք սահմանում են ռուսական ոչ ռազմավարական միջուկային զենքը Բելառուսի տարածքում հատուկ պահեստում պահելու կարգը։