ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ վարչապետի խոսքերը չեն նշանակում՝ որոշումն ընդունված է. Ռուբեն Վարդանյան

Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել «Дождь» հեռուստաընկերության «Здесь и сейчас» ծրագրին:

 

Այն հարցին թե, ի՞նչ է լինելու այն մարդկանց հետ, որոնք ապրում են Լեռնային Ղարաբաղում և որոնք այդքան տարի կարոտ էին խաղաղության: 

 

Ռուբեն Վարդանյանը պատասխանել է, որ  ՀՀ վարչապետի խոսքերը չեն նշանակում, որ որոշումն ընդունված է. 

 

«Նա դրա իրավունքը չունի․ իրավունք չունի որոշում կայացնելու Արցախի ժողովրդի անունից։ Երկրորդ՝ կան բազմաթիվ սահմանափակումներ, որոնք իրավասություն չեն տալիս մեկ անձի՝ նման որոշում կայացնելու։ Երրորդ՝ գալով իշխանության՝ նա խոստացել էր, որ ոչ մեկն իրավունք չի ունենալու նման որոշում կայացնելու, և նման որոշում կայացնելու է միայն ժողովուրդը։ Ուստի, կարծում եմ, որ այդ հայտարարությունը նրա անձնական կարծիքն է, որը նա փորձում է փաթաթել թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ժողովրդի վզին։ Բայց այդ որոշումը չի ընդունվելու։ Ես համոզված եմ, որ մեծ թվով մարդիկ կհամախմբվեն և կպահանջեն հանրաքվե, որ նա ևս մեկ անգամ անձամբ համոզվի, որ Արցախում և Հայաստանում ապրող ժողովուրդը միահամուռ են հետևյալում՝ անհնարին է այն, ինչ նա առաջարկում է»,- նշել է Վարդանյանը։ 

 

Ըստ պետնախարարի` վարչապետն ունի լիազորությունների որոշակի սահմանափակումներ։

 

 «Եվս մեկ անգամ նշեմ՝ ժողովրդի կամքն ամեն ինչից վեր է, հետևաբար՝ հանրաքվե և, կարծում եմ, բոլոր առողջ ուժերի համախմբում, որոնք պետք է ասեն, որ դա անհնար է, որ Արցախում ապրող 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, իրավունք ունեն ինքնուրույն որոշելու իրենց ապագան, և դրսից ոչ մեկը չի կարող նրանց վզին փաթաթել այդ որոշումը»։

 

Լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ է Փաշինյանը նման հայտարարություն արել, ի՞նչն է նրա ստիպել։ Վարդանյանը նշել է, որ իրենք  չգիտեն այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում բանակցությունների կուլիսներում:

 

«Պատերազմում պարտված մարդուն հոգեբանորեն դժվար է դուրս գալ այդ իրավիճակից։ Չնայած նրան, որ նա վերընտրվել է 2021 թվականին, միևնույն է, տեսանելի է, որ նրա վրա այնքան մեծ է ճնշման բեռը, որ նա այդպես էլ իր մեջ չի հաղթահարել այդ պարտվողական տրամադրությունը։ Եվ նա չի գիտակցում, որ այն ամենը, ինչ ինքն ասում է, ոչ միայն պարզապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում է, այլև դրան հաջորդելու են բազմաթիվ ճակատագրական գործողություններ, որոնք անհնար են լինելու կանգնեցնել։ Հետևապես՝ կամ նա չի հասկանում, թե ինչ է անում, բայց այս դեպքում, իրոք, մեծ հարց է ծագում՝ ինչպե՞ս նա կարող է վարչապետ լինել, կամ նա հասկանում է, թե ինչ է անում, իսկ սա առավել սարսափելի է, քանի որ այն, ինչ նա անում է, հանգեցնելու է աղետալի հետևանքների Արցախում ապրող մարդկանց համար, ինչպես նաև Հայաստանի համար։ Ես համոզված եմ, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում Արցախում, ուղղակիորեն ազդելու է այն ամենի վրա, ինչ տեղի է ունենալու Հայաստանում։ Արցախից հետո հաջորդ փուլը լինելու է Հայաստանի զավթումը»։

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն