ՀՀ ՔԿ-ն և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն համագործակցության հուշագիր են ստորագրել

ՀՀ քննչական կոմիտեն ու ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) համատեղ կպայքարեն անդրազգային հանցագործությունների դեմ։ ՔԿ–ն ու ՀԴԲ–ն համագործակցության հուշագիր են ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

 

«Փաստաթուղթը, որը ստորագրել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ տիկին Հեդեր Բերգը, ուղղված է անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում ՀՀ ՔԿ-ի և ԱՄՆ ՀԴԲ-ի ջանքերի համատեղմանը և արդյունավետության բարձրացմանը»,– նշվում է հաղորդագրությունում։

 

Այն վերաբերում է կիբեռհանցավորության, մարդկանց առևանգման, կազմակերպված հանցավորության, տնտեսական, ֆինանսական և բանկային ոլորտներում անօրինական միջազգային գործունեության, այդ թվում՝ փողերի լվացման, անօրինական միգրացիայի բոլոր ձևերի, թրաֆիքինգի, ինչպես նաև` այլ բնույթի հանցագործությունների դեմ պայքարին։

 

Նշվում է, որ հուշագրի հիման վրա համագործակցությունն իրականացվելու է համակարգված օպերացիաների իրականացման, իրավապահ ոլորտում տեղեկությունների փոխանակման, կողմերի միջև գոյություն ունեցող համագործակցային կապերի ամրապնդման, ինչպես նաև` մասնագիտական կարողությունների զարգացման ոլորտում մեթոդական աջակցության միջոցով։

Քաղաքականություն