ՀՀ–ն, Իրանն ու Հնդկաստանը աշխատում են «Պարսից ծոց–Սև ծով» ՄՏՄ–ի նախագծի վրա․ ԶԼՄ

Հայաստանը, Իրանն ու Հնդկաստանը աշխատանքներ են տանում «Պարսից ծոց–Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի ուղղությամբ։ Հնդկական կողմը Հայաստանը դիտարկում է որպես կամուրջ, որի օգնությամբ Հնդկաստանից ապրանքները կկարողանան դուրս գալ ԵԱՏՄ բազմամիլիոնանոց շուկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հնդկական առևտրատնտեսական կազմակերպության նախագահ Ասիֆ Իկբալը։

 

Նրա խոսքով` հարցը քննարկվում է երեք երկրների առաջնորդների մակարդակով, սակայն նախատեսվում է նախագծում ներգրավել նաև մասնավոր հատվածին։

 

«Հնդկաստանը 2024 թվականին պատրաստվում է դառնալ ԵԱՏՄ դիտորդ երկիր։ Սա ևս մեկ հանգամանք է, որը թույլ կտա խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, այդ թվում` պաշտպանության ոլորտում», – աել է Իկբալը` հավելելով, որ առաջիկայում Հայաստանում Հնդկաստանի դեսպանությանը կից պաշտպանական հարցերով կցորդ կնշանակվի։

 

Ինչ վերաբերում է համագործակցության այլ ուղղություններին, ապա այս պահին մի շարք պայմանագրեր են կնքվել երկու երկրների գյուղատնտեսական ընկերությունների միջև։ Զարգանալու է նաև գյուղատնտեսական զբոսաշրջությունը։

 

Շուտով ևս երկու համաձայնագիր կստորագրվի, որոնք թույլ կտան հնդկական ընկերություններին Հայաստանում վերամշակել կենցաղային ու կենդանի ծագման աղբը և բնական գազ ստանալ։

 

Բացի այդ, աշխատանքներ են տարվում նաև «Հայֆիլմի» հետ հին կինոժապավենների թվայնացման ուղղությամբ։

 

«Customised Industrial Supplies» ձեռնարկության ղեկավար Սեպուհ Ղազարյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ եռակողմ նախագծերի իրականացման համար կարևոր է ակտիվորեն ներգրավել գործարար հատվածին։ Նրա խոսքով` ապագայում նախատեսվում են փոխայցեր և համաձայնագրերի ստորագրում, որոնց արդյունքներն ակնհայտ կլինեն առաջիկայում։

 

Ղազարյանն ընդգծեց, որ հայ և հնդիկ ժողովուրդներին շատ բան է միավորում։ Բացի բարեկամական հարաբերություններից, մի շարք խնդրահարույց հարցերի շուրջ տեսակետների ընդհանրությունից, Հնդկաստանը Հայաստանին դիտարկում է որպես դեպի ԵՄ երկրներ տարանցիկ ուղիներից մեկը։ Դա արդիական է նաև հակառակ ուղղությամբ։

 

Համագործակցության առանցքային ուղղությունների թվում Ղազարյանը նշեց զբոսաշրջությունը։ Նրա խոսքով` ուղիղ ավիահաղորդակցության բացումը Հնդկաստանից զբոսաշրջային հոսքի կհանգեցնի, ինչն իր հերթին ներդրումներ կբերի։

 

«Առաջիկա կես տարվա ընթացքում Հնդկաստանից իրական ներդրումներ են սպասվում արդյունաբերության, շինարարության և առևտրի զարգացման համար։ Ապագայում նախատեսվում է նաև, որ հայկական ձեռնարկությունները տեղական արտադրանքով կմասնակցեն Հնդկաստանում կայանալիք ցուցահանդեսին», – ասել է Ղազարյանը։

 

Մանրամասները՝ կայքում։

Քաղաքականություն