ՀՀ-ի բնակչությունը գնալով նվազում է․ ո՞րն է պատճառը

Հայաստանում աճում է կնոջ դերը, որն էլ իր հերթին հանգեցրել է ծնելիության նվազման։ Այս մասին ասուլիսում հայտարարել է ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

 

Նրա խոսքով` մասնագիտական լեզվով ասած` դա նշանակում է, որ հայ հասարակությունը դասական կերպով ապրել է երկրորդ դեմոգրաֆիական անցում։

 

«Համաշխարհային պրակտիկային նայելով` այս միտումը գրեթե անկասելի է։ Նույնիսկ բարձր ծնելիություն ունեցող բազմաթիվ երկրներում, այդ թվում` մեր հարևան Իրանում, դիտվում է երկրորդ դեմոգրաֆիական անցում»,–ասել է Ղազարյանը։

 

Նա ընդգծել է, որ այսօր Հայաստանում ծնելիության միջին գործակիցը 1,6 է։ Սրան գումարվում նաև միգրացիան։

 

«Այն երկրներում,որտեղ միջին աշխատավարձի գնողունակությունն ավելի բարձր է, աշխատուժը շարժվում է դեպի այդ երկներ։ Մենք հիմա այդ դասական իրավիճակում ենք։ Միևնույն ժամանակ, վերջին հնգամյակում Հայաստանը դարձել է ինչպես միգրացիայի ծագման երկիր, այնպես էլ տրանզիտ և ընդունող երկիր։ Մենք այս երեք մակարդակի հետ էլ գործ ունենք»,–ասել է նա։

 

Միաժամանակ հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանը գոյատևման միգրացիայից անցում է կատարվել դեպի մարդկային կապիտալի զարգացման միգրացիա։

 

«Հիմա մարդիկ գնում են ավելի որակյալ կրթական, առողջապահական ծառայությունների, սոցիալական պաշտպանության հետևից»,–ասել է նա։

Մշակութային մարդաբան, ազգագրագետ Աղասի Թադևոսյանն էլ իր հերթին ընդգծում է, որ նվազող բնակչության հարցում ահռելի է պետության դերը, որը պետք է վերանայի իր առջև դրված խնդիրները, որպեսզի առկա մարդկային ռեսուրսներով կարողանա ապահովել պետության և հասարակության կենսունակությունը։

 

«Շատ կարևոր է հասկանալ , որ որակյալ մասնագիտական կարողությունների տեր ներուժը շատ դեպքերում լքում է Հայաստանը համարժեք աշխատանքային միջավայր չունենալու պատճառով։ Պետք է ուսումնասիրություն արվի և հստակեցվի, թե ինչ միջավայր է անհրաժեշտ Հայաստանին տնտեսական զարգացման համար և համապատասխան ռազմավարություններ մշակվի, որպեսզի այդ ներուժը մնա Հայաստանում և շարունակի գործել այստեղ»,–ասել է նա։

 

Թադևոսյանի խոսքով` արտերկրում ապրող երիտասարդներից շատերը կուզեին վերադառնալ հայրենիք և աշխատել այստեղ,եթե լիներ նպաստավոր միջավայր։

 

Բացի այդ, ըստ ազգագրագետի, սոցիալ–տնտեսական գործոններից բացի, հասարակությանն անհրաժեշտ են նաև անվտանգային երաշխիքներ։

«Դա ամենախոցելի գործոնն է, որը կարող է ազդել երիտասարդ և հատկապես արական սեռի ներկայացուցիչների վրա։ Այստեղ շատ կարևոր է քարոզչական գործոնը , թե ինչպես են պատկան մարմինները կարողանում մոտիվացնել մարդկանց, ինչպես կարող են մարդուն կապել իր երկրի հետ` բարձրացնելով անձի քաղաքացիական հայրենասիրության մակարդակը»,–ասել է նա։

 

Հիշեցնենք, որ վերջին մարդահամարը ՀՀ–ում անցկացվել է 2022 թ.-ի հոկտեմբերի 13-ից 22-ը։

 

2022թ.-ի հոկտեմբերի 13-ի դրությամբ` ՀՀ մշտական բնակչությունը 2 մլն 928 հազար 914 է, նույն ժամանակահատվածում առկա բնակչության թիվը կազմել է 2 մլն 638 հազար 917:

 

Նախորդ մարդահամարի համեմատ, որն անցկացվել է 2011թ.-ին, 2022թ.-ին Հայաստանում մշտական բնակչության թիվը նվազել է 89 հազար 940-ով, իսկ 2001թ.-ի համեմատ՝ 284 հազար 97-ով:

 

2022 թվականինանցկացված մարդահամարի վերջնական տվյալները կհրապարակվեն այս տարվա դեկտեմբերին, տեղեկություն կլինի ոչ միայն բնակչության սեռատարիքային տվյալների մասին, այլև կրթական մակարդակի, ամուսնական վիճակի, զբաղվածության, բնակարանային պայմանների, առողջական վիճակի և շատ այլ բաների մասին։

Քաղաքականություն