![Հայաստանն ու Հնդկաստանն աշխատում են ուղիղ ավիահաղորդակցություն բացելու ուղղությամբ․ դեսպան](https://auroranews.am/storage/img/base_image/old/9290066754d3a274207a8a286925d8d2.webp)
Հայաստանն ու Հնդկաստանն աշխատում են ուղիղ ավիահաղորդակցություն բացելու ուղղությամբ․ դեսպան
![Հայաստանն ու Հնդկաստանն աշխատում են ուղիղ ավիահաղորդակցություն բացելու ուղղությամբ․ դեսպան](https://auroranews.am/storage/img/base_image/old/9290066754d3a274207a8a286925d8d2.webp)
Հայաստանն ու Հնդկաստանն աշխատում են 2 երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն բացելու ուղղությամբ։ Այս մասին հայ–հնդկական ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ–ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան։
Դիվանագետը նշել է, որ Երևանի և Նյու Դելիի միջև ուղիղ չվերթերի գործարկումը կողմերի խնդիրներից մեկն է` ուղղված համագործակցությունը զարգացնելուն, և երկու երկրների կառավարություններն այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկում։
Նրա կարծիքով` գյուղատնտեսության, սննդամթերքի վերամշակման, կրթության և զբոսաշրջության ոլորտներում գործընկերությունն ընդլայնելուն նպաստող շփումներ հաստատելու հնարավորություն կա։
«Հայաստանն աջակցում է Հնդկաստանին միջազգային բոլոր ֆորումների ժամանակ։ Բոլորովին վերջերս վարչապետների և արտգործնախարարների մակարդակով այցեր են տեղի ունեցել։ Հուսով ենք, որ առաջիկա ամիսների և տարիների ընթացքում այդ շփումները կշարունակվեն», – նշել է դեսպանը։
Նա փաստել է երկկողմ կապերի ակտիվացումը` առանձնացնելով պաշտպանական ոլորտը, որտեղ փոխգործակցությունը լուրջ բնույթ է ձեռք բերել։
Դիվանագետը կարծում է, որ կողմերը կարող են փոխգործակցություն հաստատել նաև ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Նա մատնանշել է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման մեջ հնդկական ներդրումների անհրաժեշտությունը` հիշեցնելով այն համաձայնագրի մասին, որը 2021 թվականին ստորագրվել է Ներդրումների աջակցման կենտրոնի և «Invest India»–ի միջև։
Քաղաքական երկխոսությանն անդրադառնալով` դիվանագետը հիշեցրել է ժողովուրդների միջև առկա բազմադարյա հարաբերությունների մասին, ինչպես նաև նրա, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Հնդկաստանն առաջին պետությունն էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը, իսկ արդեն 1999 թվականին Երևանում իր դեսպանատունը բացեց։
Դեսպանի կարծիքով` Հնդկաստանն ու Հայաստանը միավորում են ժողովրդավարական արժեքները, մշակույթի, ավանդույթների և նույնիսկ մտածողության ընդհանրությունը։
Ինչ վերաբերում է բուն ֆորումին` մի քանի օրվա ընթացքում, ըստ նրա, B2B ակտիվ հանդիպումներ են անցկացվել։
«Մենք սպասում ենք ընկերությունների և կազմակերպությունների միջև ձեռք բերած պայմանավորվածությունների վերաբերյալ տվյալների։ Միայն բիզնես շփումների շնորհիվ մեզ կհաջողվի ավելացնել միջպետական առևտուրն ու նպատակին հասնել», – ասել է Սինհան։
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն իր հերթին նշել է, որ երկրների միջև ապրանքաշրջանառությունը համեստ է` 180 մլն դոլար։ Սակայն կողմերը քայլեր են ձեռնարկում ներմուծումն ու արտահանումն ավելացնելու ուղղությամբ։
Մասնավորապես` Հայաստանում արդեն ադամանդի մշակման գործարան է բացվել (նախագծի ներդրողը կլինի KGK Group հնդկական ոսկերչական կոնցերնը), և, ինչպես կարծում է փոխնախարարը, դա հիմք կհանդիսանա հետագա համագործակցության համար։
Նրա կարծիքով` գյուղատնտեության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմանի գործընկերությունը զարգացնելու հեռանկարներ կան։