Ուկրաինայի ՊՆ-ն գերագնահատված է համարում աշխարհի ակնկալիքները հակահարձակումից
Ուկրաինայի ղեկավարությունը մտավախություն ունի, որ հակահարձակումը կարող է չհամապատասխանել դրա շուրջ բարձրացված աղմուկին: Նման եզրակացություն է արել The Washington Post-ը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի հետ զրույցից հետո։
«Մեր հակահարձակումից սպասելիքները գերագնահատված են աշխարհում։ Մարդկանց մեծ մասը սպասում է ինչ-որ մեծ բանի»,- ասել է Ռեզնիկովը: Նա կարծում է, որ նման սպասումները կարող են հանգեցնել «էմոցիոնալ հիասթափության»։
Պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքով՝ ուկրաինական առաջին գրոհային խումբը ավելի քան 90%-ով պատրաստ է հակահարձակման, սակայն որոշ զինվորականներ դեռ չեն ավարտել իրենց ուսուցումն արտասահմանում։ Նա նշել է, որ Կիևին ամենից շատ անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության համակարգեր։
Զելենսկին կարծում է, որ որքան շատ հաղթանակներ տանի Ուկրաինան, այնքան ավելի շատ մարդիկ կհավատան իրենց, ինչը նշանակում է, որ իրենք ավելի շատ օգնություն կստանան։ Նրա խոսքով, Կիևը պատրաստ կլինի հարձակման անցնել, երբ ստանա այն զինատեսակները, որոնք համաձայնեցված են գործընկերների հետ։ Ամսաթվերը, ըստ նրա, եղանակային պայմանների պատճառով կարող են փոփոխվել։
Ուկրաինայի նախագահը խոստովանել է, որ Կիևը «պարտվում է երկնքում»։ Նա նշել է, որ հակահարձակման համար չի սպասի կործանիչների մատակարարմանը, սակայն, նրա կարծիքով, «շատ ավելի հեշտ կլիներ», եթե Կիևն ունենար F-16-ներ։
Ինչպես գրում է թերթը, «ոմանք» մտավախություն ունեն, որ եթե Կիևը ձախողվի, ռազմական օգնության մատակարարումը կկրճատվի, և Ուկրաինան ստիպված կլինի նստել Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ։ Ինչպես հիշեցնում է The Washington Post-ը, Պենտագոնի գաղտնազերծված փաստաթղթերը ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն ակնկալում է, որ Կիևը համեստ ձեռքբերումներ կունենա հակահարձակման ընթացքում: