ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի միջուկային բռնկումները հայտնաբերող սենսորներ
ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրում է սենսորների համակարգ, որոնք հայտնաբերում են միջուկային զենքի և «կեղտոտ» ռումբերի կիրառման հետևանքով առաջացած ճառագայթման բռնկումները։ Նրանք կարող են նաև տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե կոնկրետ ով է օգտագործել այդ զենքերը, գրում է New York Times-ը (NYT):
ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային վարչությունը (NNSA) հրապարակմանը հայտնել է, որ «տարածաշրջանով մեկ» սենսորների ցանց է տեղակայում իր NEST ստորաբաժանման՝ ճառագայթային արտակարգ իրավիճակների արձագանքման ծառայության միջոցով:
Գործակալությունը պնդում է, որ այս սենսորները հնարավորություն կտան «որոշել ցանկացած միջուկային պայթյունի ուժը, տեղանքը և հետևանքները» և Ռուսաստանին զրկել «Ուկրաինայում միջուկային զենք անանուն օգտագործելու ցանկացած հնարավորությունից»։
Ամերիկացի միջուկային փորձագետների կարծիքով՝ նման պաշտպանական պլանավորման մասին հանրային տեղեկատվությունը կարող է հետ պահել Մոսկվային՝ տեղեկացնելով նրան, որ Վաշինգտոնն ի վիճակի է բացահայտել «կեղծ դրոշակային գործողությունները»:
«Միջուկային վերագրման» ոլորտում զարգացումները լայն տարածում գտան ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 9-ի ահաբեկչությունից հետո, երբ ղեկավարության առջև բարձրացավ ներքին միջուկային ահաբեկչության ռիսկերի հարցը։
«Եթե Ուկրաինայում միջուկային արտակարգ իրավիճակ տեղի ունենա, լինի դա միջուկային ռեակտորից ճառագայթում, թե միջուկային զենքի պայթյուն», - նշվում է NNSA-ի հայտարարության մեջ, «գիտական վերլուծություններն անհապաղ կտրամադրվեն պետական մարմիններին և որոշումների կայացման կենտրոններին: Միացյալ Նահանգներում, Ուկրաինայում և տարածաշրջանի այլ երկրներում հանրային առողջության և անվտանգության պաշտպանության արդյունավետ, տեխնիկապես հիմնավոր լուծումների համար»:
ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը և NNSA-ն ավելի վաղ հայտնել էին, որ 2023 թվականին իրենց բյուջեի 160 միլիոն դոլարը կծախսվի «Ուկրաինայում միջուկային էներգիայի նախազգուշական միջոցների վրա»։