Թուրքիան միացավ միջուկային էներգիա ունեցող երկրների ակումբին. Էրդողան
Թուրքիան միանում է միջուկային էներգիա ունեցող երկրների ակումբին, թեկուզ 60 տարվա ուշացումով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ակկույու ԱԷԿ-ին ռուսական միջուկային վառելիքի մատակարարման արարողության ժամանակ։
«Մեր էլեկտրակայան օդով և ծովով միջուկային վառելիքի մատակարարմամբ՝ «Ակկույուն» ձեռք բերեց միջուկային օբյեկտի կարգավիճակ։ Եվրահանձնաժողովը միջուկային էներգիան ճանաչել է որպես «կանաչ էներգիա» և վերացրել է տատանումները։ «Ակկույուի» հետ մենք մեր երկիրը դարձրել ենք այս զարգացման մի մասը: Մեր երկիրը, թեկուզ 60 տարվա ուշացումով, միանում է աշխարհի միջուկային տերությունների ակումբին»,- ասել է Էրդողանը։
Նրա խոսքով` ատոմակայանը կկարողանա գործել մինչև 80 տարի և դրա միջոցով Թուրքիան գազի ներկրման մեջ տարեկան կխնայի 1,5 միլիարդ դոլար։ Նա նաև նշել է, որ կայանի բոլոր չորս ագրեգատները շահագործման կհանձնվեն մինչև 2028 թվականը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով տեսակապի միջոցով մասնակցում էր միջուկային վառելիքի մատակարարման արարողությանը, «Ակկույու» ԱԷԿ-ը անվանել է երկու երկրների առաջնային նախագիծ։ «Շեշտում եմ, որ սա առաջնային ծրագիր է, այն բերում է և՛ փոխադարձ տնտեսական օգուտներ, և՛, իհարկե, օգնում է ամրապնդել մեր երկու պետությունների միջև բազմաբնույթ գործընկերությունը, որը հիմնված է բարիդրացիության, միմյանց շահերի փոխադարձ հարգանքի և այդ շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա»,- նշել է Ռուսաստանի ղեկավարը: