«Բացի ՌԴ-ից, որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի»․ Փաշինյան
Եթե մինչև հիմա Լաչինի միջանցքը փակ էր կեղծ բնապահպանական ակցիայի պատրվակով, հիմա արդեն պաշտոնապես փակվել է Ադրբեջանի կողմից։ Կառավարության նիստի մեկնարկից առաջ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանը շարունակաբար սրում է իրավիճակը տարածաշրջանում` այս անգամ ապօրինի կերպով հսկիչ անցակետ տեղադրելով Լաչինի միջանցքում։
«Սա ոչ միայն տարածաշրջանում լարվածությունը մեծացնելուն, այլև ԼՂ–ում հաստատված հումանիտար ճգնաժամը խորացնելուն ուղղված սադրիչ քայլ է։ Միջազգային հանրությունն այս անգամ հստակ գնահատական է տվել անցակետի տեղադրմանը, սակայն կարևոր է արձանագրել այս և սրան նախորդած մի շարք գործողությունների իրական և խորքային նպատակը։ Իսկ այս նպատակը ԼՂ հայության էթնիկ զտումն ու ցեղասպանություն իրականացնելն է, և հենց սա պետք է լինի միջազգային հանրության ուշադրության առարկան»,–ասաց Փաշինյանը։
Իսկ հաջորդ հարցը, որ Լաչինի միջանցքով անցակետ տեղադրելով ավելի է սրվում, հետևյալն է` որքանո՞վ է Ադրբեջանն իրեն պարտավորված զգում կատարել իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները։
Փաշինյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի քայլերը 2020-ի եռակողմ հայտարարության խախտում են, և որ Ադրբեջանը խախտել է այդ հայտարարության բոլոր կետերը։
ՀՀ կառավարության ղեկավարը ներկայացրեց ՀՀ կառավարության պատկերացումները Լաչինի միջանցքում ստեղծված իրադրության ընդհանուր կարգավորման վերաբերյալ։
«ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և այսպիսով ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը։ Այսինքն՝ բացի ՌԴ-ից, որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի։ Ադրբեջանն էլ չպետք է խոչընդոտի միջանցքով ազատ երթևեկությունը։ Սա ճշգրիտ այն է, ինչ նախատեսված է 2020թ–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»,–հայտարարեց Փաշինյանը։
Բացի այդ, ըստ նրա, ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է դառնան Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունների առարկա՝ միջազգային ֆորմատի շրջանակներում։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահը ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատարին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 27-ին ընդունել է ԱՀ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի նոր...
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շանս կա»․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ա...
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կլինի ՌԴ-ում․ Զախարովա
Ռուսաստանի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք...
Կքննարկվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցը․ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հ...