Սուդանում մարտերի զոհերի թիվը հասել է 270-ի․ կան հազարավոր տուժածներ

Սուդանում զինված ուժերի և Արագ արձագանքման ուժերի միջև ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 270 մարդ, ավելի քան 2,6 հազարը վիրավորվել է, ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ 

«Իրավիճակը Սուդանում խորը մտահոգություն է առաջացնում: Սուդանի Առողջապահության նախարարության Արտակարգ գործողությունների կենտրոնը հայտնում է, որ 270 մարդ մահացել է, ավելի քան 2600 մարդ վիրավորվել է», - ճեպազրույցի ժամանակ ասել է Գեբրեյեսուսը: 

«Ցավոք սրտի, պարենի համաշխարհային ծրագրի երեք աշխատակից զոհվել է»,- հավելել է նա։ 

Ավելի վաղ տվյալներ կային ավելի քան 180 մարդու մահվան և մոտ 1,8 հազար վիրավորի մասին։ 

ԱՀԿ-ի ղեկավարը «բոլոր կողմերին կոչ է արել ականջալուր լինել մարդասիրական հրադադարի կոչերին և ձգտել խաղաղ կարգավորման»: 

Իր հերթին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը հայտնել է, որ երկուշաբթի թալանվել է Հումանիտար հարցերի համակարգման կազմակերպության (OCHA) գրասենյակը Սուդանի Դարֆուրում։ 

«Մենք հաղորդումներ ենք ստանում հումանիտար աշխատողների նկատմամբ հարձակումների և սեռական բռնության մասին (...): Սա անընդունելի է և պետք է դադարեցվի»,- գրել է նա թվիթերյան իր էջում։ 

Իրավիճակը երկրում վատթարացել է շաբաթ, երբ մայրաքաղաք Խարթումում և մի շարք այլ քաղաքներում բանակի և Արագ արձագանքման ուժերի միջև բախումներ են սկսվել ծանր զինատեսակների կիրառմամբ։ ԱԱՈՒ հրամանատարության հայտարարություններում նշվում է, որ ներկայիս իրավիճակը ստեղծվել է այն բանից հետո, երբ զինված ուժերը, առանց որևէ նախնական ծանուցման, պաշարել են իրենց հենակետերից մեկը Խարթումի հարավային արվարձանում։ Բանակի հրամանատարությունն իր հերթին իր գործողությունները բացատրել է նրանով, որ ԱԱՈւ-ն վերջերս մեկ անգամ չէ, որ գործել է առանց զինվորականների հետ որևէ համաձայնեցման։ 

Երեքշաբթի հաղորդվեց, որ Սուդանի զինված ուժերը հայտարարել են հակառակորդ խմբի հետ 24 ժամով հրադադարի համաձայնության մասին։ Այնուամենայնիվ, Associated Press-ը, վկայակոչելով Սուդանի բժիշկների կենտրոնական կոմիտեն, հայտնում է, որ բանակի և կիսառազմականացված խմբի միջև մարտերը շարունակվում են՝ չնայած հայտարարված հրադադարին։

Քաղաքականություն