![«Հարձակվեցին ինձ վրա, ոտքով հարվածեցին գլխիս»․ Փայլանը՝ Թուրքիայում կատարվածի մասին](https://auroranews.am/storage/img/base_image/old/54d190189dfd333bb63614d06433cadf.webp)
«Հարձակվեցին ինձ վրա, ոտքով հարվածեցին գլխիս»․ Փայլանը՝ Թուրքիայում կատարվածի մասին
![«Հարձակվեցին ինձ վրա, ոտքով հարվածեցին գլխիս»․ Փայլանը՝ Թուրքիայում կատարվածի մասին](https://auroranews.am/storage/img/base_image/old/54d190189dfd333bb63614d06433cadf.webp)
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն ասել է Arti Gercek-ի հետ հարզացրույցում նշել է․
«Մեր պատգամավորության թեկնածուների ցուցակներում հայի բացակայությունն, իհարկե, լուրջ թերություն է իմ կուսակցության համար։ Տասնամյակների լռությունից հետո վերջին 20 տարում հայերն ավելի տեսանելի էին դարձել քաղաքական ասպարեզում։ Ես նույնպես այս տեսանելիության վերջին դրսևորումներից էի»:
Նա զրույցի ընթացքում պատմել է երկու ժամկետում պատգամավորի իր փորձառության, հայ-թուրքական հարաբերությունների ու Հայոց ցեղասպանության հարցի քննարկումների մասին։ Փայլանը նաև խոսել է Մեջլիսում իր կողմից Հայոց ցեղասպանության խնդիրը բարձրացնելու շուրջ։
«Իհարկե, ես ջանք գործադրեցի Թուրքիայի Ազգային մեծ ժողովում խոսելու հայկական հարցի մասին, սակայն այս դաժան ժամանակաշրջանում դիմադրությունը շարունակվեց։ Հայոց ցեղասպանության զոհ դարձած տատիկս՝ Սիրանուշը, եղել է այն տանը, որտեղ ես ծնվել եմ։ Իմ նպատակը խորհրդարանում տատիս ոգին տոնելն էր։ Ինձ չհաջողվեց դա անել:
Այս արդարադատությունը մեզ անպայման կբուժի։ Փորձեցի բացատրել, որ այն արդարությունը, որը մենք կգտնենք մեր տատիկների համար, լավ կլինի նաև մեծ հասարակության համար։ Դա տեղի չունեցավ։ Հայկական հարցի նման խնդիրներին դիմակայելը նախ խիղճ է պահանջում, իսկ հետո՝ քաջություն։ Ցավոք սրտի, այս ութամյա շրջանն այն ժամանակաշրջաններից էր, երբ մենք քաղաքականության մեջ հեռու էինք խղճից ու քաջությունից»,-ասել է Փայլանը։
Նա նաև խոսել է իր նկատմամբ հնչեցված սպառնալիքների ու հարձակումների մասին․
«Ինձ ֆիզիկապես Լինչի դատաստանի ենթարկեցին այն հանձնաժողովում, որտեղ տեղի էին ունենում անձեռնմխելիության մասին քննարկումները։ Ութ-տասը պատգամավոր հարձակվեցին ինձ վրա՝ ուղիղ թիրախավորելով ինձ՝ «հայն այստեղ է, Կարոն՝ այստեղ է»։ Ոտքով հարվածեցին գլխիս, գլխուղեղի վնասվածք ստացա։
Երկրորդ Լինչի դատաստանը ֆիզիկական չէր։ Ինչպես ամեն տարի, այնպես էլ անցյալ տարվա ապրիլի 24-ին իմ կողմից ներկայացվեց Հայոց ցեղասպանության օրինագիծը խորհրդարանում։ Ինձ ենթարկեցին Մերալ Աքշեների (ընդդիմադիր Լավ կուսակցության ղեկավար) նախաձեռնած քաղաքական լինչին, որին հաջորդեցին Էրդողանը, Բահչելին և ռասիստական ամբոխը։ Ես մի շրջան ունեցա, երբ ինձ տասնհինգ օր լինչի ենթարկեցին ԶԼՄ-ների կողմից»։
Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին նա նշել է, որ տարիներ շարունակ ջանք է գործադրել դրա համար։
«Չնայած Փաշինյանի կառավարության կառուցողական վերաբերմունքին և վստահության ամրապնդման որոշ քայլերին, մենք չկարողացանք բացել երեսուն տարի փակ Թուրքիա-Հայաստան սահմանը։ Ցանկություն կա առաջին հերթին հունիսի սկզբին բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։
Անհամբեր սպասում եմ այս քայլին։ Թուրքիայի երկրաշարժից հետո Հայաստանից փրկարարական ջոկատներ ու մարդատար մեքենաներ են եկել։ Սահմանը բացվեց երեսուն տարի անց բարեգործության համար։ Ես ակտիվ դերակատարություն ունեցա այս գործում։ Մենք մեծ մասամբ կոտրել ենք նախապաշարմունքները, հիմա սահմանը բացելու ժամանակն է, և ես կշարունակեմ ձգտել դրան, եթե անգամ պատգամավոր չլինեմ»։
Խոսելով հայկական սփյուռքի մասին՝ Փայլանը նշել է․
«Մենք վերք ունենք, և միակ տեղը, որտեղ մեր վերքը կարող է բուժվել, Թուրքիան է։ Այս մեծ ոճիրը, մեղքը, ցեղասպանությունը կատարվել է այս հողերում, և մենք կարող ենք միայն արդարություն գտնել այս հողերում։ Մենք մեկ դար է, ինչ չենք կարողանում արդարություն ապահովել՝ դրսից ճնշում գործադրելով Թուրքիայի վրա։ Կարծում եմ՝ այս հարցը կարող է լուծվել միայն Թուրքիայում։ Ես պայքարում եմ դրա համար: Հայկական Սփյուռքն էլ այս տեսանկյունից պետք է նայի դրան։ Ես վստահ եմ, որ միայն ժողովրդավարական Թուրքիան կարող է հաղթահարել Հայոց ցեղասպանությունը»: