ՌԴ Պետդուման` Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու հետևանքների մասին

ՌԴ Պետդուման անդրադարձել է Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու հետևանքներին։ Ըստ  պետդումայի՝ Երևանը «լուրջ սխալ է թույլ տվել»։ Այս մասին «Говорит Москва» ռ/կ-ին ասել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան․

 

«Մենք, բնականաբար, բացասաբար կարձագանքենք։ Եվ Հայաստանի դիրքորոշումը մեզ շատ է վրդովեցնում։ Ցավոք, հասկանում ենք, որ դա լուրջ սխալ է, և այն կունենա որոշակի քաղաքական հետևանքներ»,- նշել է նա։ 

 

Պատգամավորի խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու Հայաստանի շանսերը փոքր են։ Նրա կարծիքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր նպատակը Ռուսաստանի սահմաններին կոնֆլիկտային իրավիճակ ստեղծելն է․ «Հայաստանի այսօրվա ղեկավարությունը ենթարկվում է այդ սադրանքներին»։

 

«Փորձում են սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ, այո, բայց հազիվ թե դաշինքում ընդգրկվել ստացվի: Հաշվի առնելով Հայաստանում տիրող իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, դա նրանց պետք չէ։ Բայց ռուսական սահմանի շուրջ ստեղծել բարդ իրավիճակ նրանց համար շատ կարևոր է։ Այն, ինչ նրանք չեն դադարեցրել և չեն դադարի անել. ՆԱՏՕ-ն խաղարկելու է հայկական խաղաքարտը, և  հայերը՝ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, ենթարկվում են այս սադրանքներին»,- նշել է Ալեքսեյ Չեպան:

 

Հիշեցնենք, ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ պլանավորվում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ զորքերի հրամանատարության 2 այլ զորավարժությունների։

 

Քաղաքականություն