Հասարակություն

Ինչ եղան արտաքին հետախուզական ծառայությունն ու Քրիստիննե Գրիգորյանը․ «Հրապարակ»

Ինչ եղան արտաքին հետախուզական ծառայությունն ու Քրիստիննե Գրիգորյանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզական ծառայության մասին» օրենքն ԱԺ-ն ընդունել է դեկտեմբերի 23-ին, նախագահը ստորագրել է դեկտեմբերի 30-ին եւ այն ուղիղ դեկտեմբերի 31-ին ուժի մեջ է մտել, սակայն այդ մարմինը մինչ օրս ձեւավորված չէ։ Մեր հարցին, թե ձեւավորվե՞լ է այդ ծառայությունը՝ աշխատակիցներ, հաստիքացուցակ, վարչական շենք եւ այլն ունի՞, կառավարությունից ասացին՝ դեռեւս չի ձեւավորվել, իսկ թե երբ է ձեւավորվելու՝ գրավոր հարցում ուզեցին։

 

Նշենք, որ մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հունվարի 23-ին հրաժարական տվեց՝ ՄԻՊ աշխատակիցներին հայտնելով, որ այլ աշխատանքի առաջարկ է ստացել, եւ հենց հաջորդ օրը հավաքեց իրերն ու հեռացավ ՄԻՊ գրասենյակից։ Ընդ որում, նա պետք է մեկ շաբաթից կրկներ իր հրաժարականը, սակայն այնքան էր շտապում, որ նույն օրը երկրորդ անգամ հրաժարականի դիմում ներկայացրեց, որ պրոցեսներն արագ ընթանան։

 

Տեղեկություն ստացվեց, որ նա է նշանակվելու Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար։ Այդ օրերին մեր հարցին, թե արդյոք ի՞նքն է նշանակվելու, Գրիգորյանը չպատասխանեց՝ խոստանալով հարցազրույց տալ։ Մի բան պարզ է, որ անգամ օրենքով նախատեսված գործընթացներն իշխանությունը չի կարողանում պատշաճ կազմակերպել։

 

Մեզ ասացին, որ այս օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի դեռ ԱԱԾ-ն կարող է զբաղվել արտաքին հետախուզությամբ։ Այսինքն, այս ծառայությունը դեռեւս 3 տարի կարող է չձեւավորվել։ Այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ հրաժարական տվեց Քրիստինե Գրիգորյանը, եւ ի՞նչը խանգարեց, որ նա նույն արագությամբ նշանակվի այս պաշտոնին, եւ սույն կառույցը ձեւավորվի»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250