«Պետք է բերման ենթարկվեր ոչ թե քաղաքացին, այլ Ալեն Սիմոնյանը »․ փաստաբան

Կասկադից պետք է բերման ենթարկվեր ոչ թե քաղաքացի Կարեն Մկրտչյանը, ըստ որի՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը թքել է իր վրա, այլ Ալեն Սիմոնյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Կարեն Մկրտչյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

 

«Հասկանում եմ ոստիկանների անհամարձակությունը՝ հաշվի առնելով Ալեն Սիմոնյանի պաշտոնը եւ կերպարը, բայց գոնե կարող էին հրավիրել բաժանմունք, այլ արձագանք տալ կատարվածին, բայց բերման ենթարկել անձի, որը տուժող է, որի նկատմամբ բռնություն է գործադրվել, որին փորձել են նսեմացնել, որի վրա թքել են, ոչ բարոյական տեսանկյունից է ըմբռնելի, ոչ էլ իրավական, ու կարող եմ ասել, որ արդեն բոլոր սահմաններն անցել է»,- ասել է Հարությունյանը։

 

Փաստաբանի խոսքով՝ ոստիկանները Մկրտչյանին բերման են ենթարկել անձը պարզելու նպատակով, սակայն դա եւս հիմքեր չունի։ Բացի այդ՝ ոստիկանական բաժանմունքում փաստաբանին դժվարությամբ են թույլ տվել առանձնազրույց ունենալ Մկրտչյանի հետ՝ չնայած դա օրենքով սահմանված իրավունք է։

 

«Ոստիկանության աշխատակիցները բռնություն են գործադրել նրա նկատմամբ, տապալել են գետնին, որեւէ հիմք չկար նրան բերման ենթրակելու։ Ավելի շուտ դա պատժիչ բնույթ է կրել։ Այդ նույն տրամաբանությամբ փողոցում յուրաքանչյուրին կարող են մոտենալ եւ եթե անձնագիր չկա, հրավիրեն ինքնություն ճշտելու։ Կարեն Մկրտչյանը պետք է հրավիրվեր միայն տուժող ճանաչվելու համար, որովհետեւ Ալեն Սիմոնյանը փորձել է նսեմացնել իր անձը։ Բացի սա՝ եթե հաստատվի, որ թիկնազորի աշխատակիցները, իրոք, բռնել են քաղաքացու ձեռքերից, աշխատակիցները եւս պետք է պատասխանատվության ենթարկվեն, որովհետեւ նրանց գործառույթը պետական պաշտոնյային պաշտպանելն է, ոչ թե ցուցումով բռնություն գործադրելը»,- նշել է փաստաբանը։

 

Փաստաբանի խոսքով՝ դեռեւս քննարկում են ոստիկանություն հաղորդում ներկայացնելու հարցը, սակայն քաղաքացու հայտարարությունները բավարար են Դատախազության համար վարույթ նախաձեռնելու համար։

 

«Վարույթը պետք է նախաձեռնվի խուլիգանության հոդվածով, որովհետեւ Ալեն Սիմոնյանի արածը խուլիգանության դասական դրսեւորում է, հասարակության դեմ ոտնձգություն եւ անձին ստորացնելու փորձ, երկրորդը՝ պաշտոնատար անձի կողմից սահմանազանցման համար։ Մի շարք հոդվածներով քրեական գործ պետք է լիներ, մի շարք անձինք պետք է հարցաքննվեին»,- ընդգծել է Սերգեյ Հարությունյանը։

 

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 3-ին, քաղաքացի Կարեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել է իր թիկնազորի աշխատակիցներին բռնել նրան եւ թքել է վրան այն բանից հետո, երբ Կարենը Ալեն Սիմոնյանին դավաճան է անվանել։ Ալեն Սիմոնյանն ավելի ուշ ֆեյսբուքյան գրառմամբ չէր հերքել կատարվածը։

 

«Ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»,- նշել էր Սիմոնյանը: 

Քաղաքականություն

Պատահարներ