Մեսսին կվերադառնա՞ «Բարսելոնա»․ Չավին՝ Մեսսիի «վերջին պարի» մասին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ուրախ կլիներ, որ Լիոնել Մեսսին վերադառնա կատալոնական ակումբ, բայց ամեն ինչ կախված կլինի հենց արգենտինացուց։ Այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսում։
«Դա (Մեսսիի վերադարձը) կախված կլինի շատ բաներից: Ակնհայտ է, որ մենք ֆինանսական ֆեյր-փլեյի իշխանության տակ ենք: Բայց կարծում եմ, որ ամենից շատ դա կախված կլինի Լեոյի ցանկությունից։ Նա գիտի, որ սա իր տունն է, որ դռները բաց են, և որ մենք ուրախ կլինենք տեսնել իրեն»,- Չավիի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։
«Նորմալ է, որ մարդիկ հուզված են։ Դա կլինի «վերջին պարը», ինչպես Մայքլ Ջորդանի դեպքում էր»,- հավելել է Չավին։
Ավելի վաղ «Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆայել Յուստեն հայտնել էր, որ ակումբը բանակցություններ է վարում 35-ամյա Մեսսիին վերադարձնելու շուրջ։
Արգենտինացին «Բարսելոնայում» խաղացել է 2003-ից 2021 թվականներին, ապա պայմանագիր է կնքել «Պարի Սեն Ժերմենի» հետ։ Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ։
«Վերջին պարը» (The Last Dance) մինի վավերագրական սերիալ է «Չիկագո Բուլզ»-ում 1997/98 առաջնությանը Մայքլ Ջորդանի ելույթի մասին, որը նրա համար վերջինն էր ակումբում։