Գործնականում ես իմ շանսերը բարձր եմ գնահատում. Ղազարյանը` ՄԻՊ պաշտոնում ընտրվելու մասին
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները համատեղ նիստում որոշել են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել հասարակական գործիչ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի թեկնածությունը։ Ավելի վաղ, թեև «ՔՊ» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել էր, որ խմբակցությունը ՄԻՊ թեկնածու է առաջադրել Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին, այնուհանդերձ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին որևէ թեկնածու չի առաջադրել։
Tert.am-ը զրուցել է Էդգար Ղազարյանը բարձր է գնահատել իր շանսերը՝ ՄԻՊ պաշտոնում ընտրվելու հետ կապված, միաժամանակ նշելով, որ հույս ունի՝ Անահիտ Մանասյանի թեկնածությունը չի առաջադրվի։
«Անահիտ Մանասյանը, որպես սահմանադրական իրավունքի մասնագետ և իրավաբան, կարծում եմ բոլորից լավ գիտի, որ իր թեկնածությունը չի համապատասխանում Սահմանադրության՝ ՄԻՊ թեկնածուի պահանջներին։ Կարծում եմ, որ ՔՊ-ն չի առաջադրի թեկնածու՝ հաշվի առնելով, որ խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները միասնական թեկնածու են առաջադրել, հատկապես այդ պաշտոնի պարագայում կարծում եմ՝ իրենք թեկնածու չեն առաջադրի և կընտրեն միայն ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուին: Գործնականում ես իմ շանսերը բարձր եմ գնահատում, տրամաբանությունն է հուշում, որ այդպես պետք է լինի»,- ասաց Ղազարյանը։
Վերջինս նշեց, որ ՄԻՊ-ի պաշտոնում պետք է զբաղեցնի ոչ թե իշխանական բարեհաճությունը վայելող մեկը, այլ ճիշտ հակառակը։
Դիտարկամանը՝ ինչպես է վերաբերվում այն դժգոհություններին և քննադատություններին, որոնք առաջացել են հենց ընդդիմադիր դաշտում իր թեկնածության վերաբերյալ, Ղազարյանն ասաց․
«Որևէ կերպ չեմ վերաբերվում, ինձ համար կարևոր է խմբակցությունների որոշումը և մեծ պատիվ է, որ ԱԺ երկու խմբակցությունները միաժամանակ միասնական մոտեցում են ցուցաբերել իմ թեկնածության առաջդրման հարցում։ Ընդ որում, իմ թեկնածության նախաձեռնությունը իրենց չի պատկանում։ Խմբակցություններն ընդառաջ են գնացել հանրային խնդրանքին, այդ նախաձեռնության հեղինակը «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն է, որի կազմի մեջ մտնում են մի շարք քաղաքական կուսակցություններ ու ՀԿ-ներ, հեղինակավոր գործիչներ»։
Լրատվամիջոցի հարցին՝ կկարողանա՞ ՄԻՊ-ի պաշտոնում անաչառություն դրսևորել՝ հաշվի առելով, որ համարվում է ընդդիմաության թեկնածուն։
«Բա հենց միայն այդ պարագայում կարող եմ անաչառ լինել, ՄԻՊ-ի պարտականությունների կատարումը հենց դա է ենթադրում։ Սահմանադրական պահանջ է, որ մարդը ունենա հանրային ճանաչում ու հեղինակություն, իսկ դա հնարավոր է հրապարակային գործունեության արդյունքում։ Եվ, բնականաբար, չլինել իշխանությունների կամակտարը։ Կարծում եմ, որ իմ հատկանիշներն ամեն ինչով համապատսխանում են ՄԻՊ-ի՝ ոչ միայն սահմանդրական պահանջներին, այլև էությանը»,- ասել է Էդգար Ղազարյանը։