ԿԿՀ-ն եզրակացրել է Փաշինյանի կողմից վարքագծի կանոնի խախտման առկայության մասին. «Հետք»

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը օգոստոսի 14-ի նիստի ժամանակ քննության է ենթարկել վարաչպետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման հարցը։ Այս մասին գրում է Hetq.am-ը։


Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Ն․ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։


Վարույթի հարուցման մասին որոշումը հանձնաժողովը հունիսի 5-ին ուղարկել է Փաշինյանին՝ միաժամանակ պահանջելով ներկայացնել պարզաբանումներ՝ վարույթի շրջանակներում քննվող փաստական հանգամանքների վերաբերյալ։


Հանձնաժողովը  որոշում է կայացրել, որ անհրաժեշտ է անցկացնել լեզվաբանական փորձաքննություն։ Փորձաքննությունն իրականացրել է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։


Հունիսի 16-ին Նիկոլ Փաշինյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր դիրքորոշումը, որում ասվում է.


««Դոմփել» բառը թեև խոսակցական, այնուհանդերձ, անպարկեշտ բառ չէ։ Ինչ վերաբերում է Ն. Փաշինյանի կողմից այդ բառի կիրառման կոնկրետ դեպքին, այն ուղղված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու արժեքների ու հիմունքների պաշտպանությանը, որոնք սահմանված են «Կանոնագիրք հայոց»-ով»։


Ըստ փորձագիտական եզրակացության՝ «դոմփել» բառը հայերենում ունի երկու իմաստ՝ առաջինը խփել, հարվածել, և երկրորդը՝ սեռական հարաբերություն ունենալ։ Հաշվի առնելով Փաշինյանի մայիսի 30-ի գրառմանը հաջորդող գրառումները՝ հանձնաժողովը եզրակացրել է, որ այն կիրառվել է երկրորդ՝ սեռական հարաբերություն ունենալու իմաստով։


«Վերոգրյալից ելնելով հանձնաժողովը արձանագրում է, որ Գրառում 1-ը (մայիսի 30-ի գրառում, խմբ.) թեև կատարվել է ի պատասխան քննադատությունների և առնչվել է հանրային հետաքրքրություն ունեցող հարցի, այնուամենայնիվ, իր բառընտրության հետևանքով ունի կոպիտ և անվայելուչ նրբերանգ»,- նշված է ԿԿՀ-ի եզրակացությունում։


ԿԿՀ-ն եզրակացրել է, որ վարչապետի գրառումը պարունակում է այդ կանոնագրքի 48-րդ հոդվածի խախտման հատկանիշներ։


«Հաշվի առնելով վերոգրյալ հիմնավորումները և հիմք ընդունելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 33-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը՝ Հանձնաժողովը, գնահատելով գործում առկա ապացույցները, բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ՝


Եզրակացնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնի խախտման առկայության մասին»,- նշված է ԿԿՀ-ի եզրակացությունում։

Քաղաքականություն