Ով է քաշել ԱԺ նախագահի լեզուն, որ նման հայտարարություն անի, հետո էլ գնա մարզվի, թևը կոտրի․ Մանուկյան

Այն բոլոր բառախաղերը, որ անցնող երեք տարիներին  Հայաստանի իշխանությունների կողմից հնչեցվում էին Ադրբեջանի հետ փոխզիջման, համաձայնության  և երկխոսության հասնելու, սեփական ժողովրդին մոլորեցրել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։


«Ադրբեջանն ամեն օր ավելի սանձարձակ է դառնում, քանի համապատասխան հակազդեցություն չի ստացել։ Երբ Ադրբեջանը տեսնում է, որ ինքը դեմ դիմաց կանգնած է միայն Արցախի ղեկավարության հետ, ռազմական գործողություններով, առաջխաղացումներով, գյուղատնտեսական աշխատանքները խանգարելով՝ փորձելու է բարոյական, հոգեբանական ճնշումներ գործադրել»,- ասաց պատգամավորը։

 

Մանուկյանն ասաց, որ այս օրերին Հայաստանի իշխանությունները պետք է ՌԴ-ի հետ լինեին ամենօրյա շփումների մեջ։

 

«Պետք է ամենօրյա շփումներ լինեին, ոչ թե խաղեր խաղային, Հայաստանը լեգիտիմության հարավորությունն ուներ Հռոմի ստատուտը ընդհանրապես չարծարծելու։

Անզգույշ գործողություններն ունենում են բացասական հետևանքներ մեր ամբողջ ժողովրդի վրա։ Ով է քաշել ԱԺ նախագահի լեզուն, որ նման հարցերի շուրջ ոտքի վրա հայտարություն անի, հետո գնա Կոնդի ամառանոցում մարզվի, մարզվելու ժամանակ էլ ընկնի, թև կոտրի։ Ամեն խոսքի ու բառի արժեքը չգիտակցելը մեր անվտանգային  համակարգն է փլուզում»,- նշել է ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

 

Հիշեցնենք` լրագրողի այն հարցին, թե  Հաագայի միջազգային դատարանը քրեական միջազգային օրդեր է տալիս՝ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու համար,  ՀՀ ՍԴ-ն դիտարկելու է այդ հարցը Հռոմի ստատուտի վերաբերյալ, եթե դա վավերացվի ու ՌԴ նախագահը ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ-ի նիստերից մեկի շրջանակներում գա ՀՀ, մեր քաղաքական ղեկավարությունը ի՞նչ գործողություն կանի՝ Ալեն Սիմոնյանը պատասխանել էր, որ դա դեռ պետք է գա ԱԺ, ՍԴ-ն պետք է որոշում կայացնի.

 

«Ես պրակտիկայում չեմ պատկերացնում՝ ինչպիսի գործողություններ պետք է անի երկիրը, բայց կարծում եմ, որ իրավական եւ քաղաքական գնահատականով է շատ ավելի ծանրակշիռ ինքը, քան կոնկրետ գործողությունների մասով…Թող հլը վավերացնի, Կիկոսի մահին չեմ անդրադառնա, իրագործումը չեմ պատկերացնում: Դա շատ ավելի քաղաքական, միգուցե պատմական գնահատական է»:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ՍԴ հրապարակել էր  1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» որոշումը։ Բարձր դատարանը որոշեց, որ Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։ Հարցը քննարկվել էր գրավոր ընթացակարգով։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Քաղաքականություն