Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու ՌԴ-ի որոշումը հակասում է Չինաստանի հետ պայմանավորվածություններին․ Bloomberg

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հարեւան Բելառուսի տարածքում տակտիկական միջուկային զենք տեղակայելու ծրագրերը չեն փոխի Եվրոպայում ուժերի ռազմավարական հավասարակշռությունը։ Սակայն այս որոշումը հակասում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին տված խոստումներին, գրում է Bloomberg-ը։

 

ՄԱԳԱՏԷ-ի անվտանգության քաղաքականության վերահսկման և համակարգման վարչության նախկին ղեկավար Տարիկ Ռաուֆը վստահ է, որ Պուտինի որոշումը «կասկածի տակ է դնում Սիի հետ հանդիպման արդյունքները»:

 

«Նա կարծես ազդանշան է տալիս ներքին լսարանին՝ փորձելով համոզել սեփական հանրությանը, որ Ռուսաստանի հետ ամեն ինչ կարգին է, որ Ուկրաինայում հատուկ գործողությունը լավ է ընթանում», - ասել է Ռաուֆը:

 

Բելառուսում միջուկային զենք տեղակայելու մտադրությունը կարող է վկայել այն մասին, որ Մոսկվան և Պեկինը տարբեր կերպ են մեկնաբանում իրենց պարտավորությունները, գրում է Bloomberg-ը։ ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը հավելել է, որ Ռուսաստանի ծրագրերը «հարգալից չեն «լավ ընկեր» Սիի նկատմամբ։

 

Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքներով Ռուսաստանի և Չինաստանի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ «միջուկային զենք ունեցող բոլոր պետությունները պետք է ձեռնպահ մնան այն արտասահմանում տեղակայելուց»։ Սակայն Վլադիմիր Պուտինը մարտի 25-ին ասել է, որ ծրագրում է մարտավարական միջուկային զենք տեղադրել Բելառուսում, իսկ երկրում հատուկ պահեստի կառուցումը նախատեսվում է ավարտել մինչև հուլիսի 1-ը։

 

Ըստ ՌԴ նախագահի՝ դա չի լինի ավելի վաղ տրված չտարածման պարտավորությունների խախտում, քանի որ Ռուսաստանը չի պատրաստվում միջուկային զենք փոխանցել Բելառուսին։

Քաղաքականություն