Անձնական կապերը չե՞ն խանգարի ՄԻՊ-ի թեկնածուին. Գրիգոր Մինասյանը պատասխանում է

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, անդրադառնալով գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը որպես մարդու իրավունքների պաշտպան ՔՊ–ի կողմից առաջադրելուն, նշեց, որ ՀՀ մարդու իրավունքների թեկնածուի առաջադրումը երկար տևեց, քանի որ դա մեկ մարդու կողմից չի կատարվում։ 

 

«Թեկնածուի ընտրության հարցը ժողովրդավարական գործընթացով է անցնում, քննարկվում է, և եթե կան անհամաձայնություններ, թեկնածությունը հետ է կանչվում։ Օրենքով սահմանված են ժամկետներ, որոնք չեն խախտվել, իսկ փնտրտուքները փաստում են, թե ինչքան են պրոցեսներն առողջ»,–ասաց Մինասյանը։

 

Նա նշեց, որ Անահիտ Մանասյանը բարձր մասնագիտական գիտելիքներ ունի։ Մինասյանի խոսքով` շատ լավ թեկնածու են առաջադրել։

 

Հարցին, թե ինչպե՞ս է այժմ դատախազի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Մանասյանը ՄԻՊ դառնալուց հետո պաշտպանելու մեկի իրավունքները, որը, օրինակ, կասի, թե ՀՀ գլխավոր դատախազի կողմից են խախտվել իր իրավունքները, անձնական կապերը չե՞ն խանգարի` նախարարը պատասխանեց.

 

«Նախ` Մանասյանը մի քանի ամիս է, ինչ աշխատում է որպես դատախազի տեղակալ և համակարգել է միջազգային համագործակցության բլոկը։ Եվ հետո, եթե մարդը նորմալ աշխատում է և պրոֆեսիոնալ է, երբեք իր լիազորությունների շրջանակից դուրս չի գա»։

 

 

Քաղաքականություն