ՀՀ ԱԳՆ–ն միջազգային դատարանի որոշումը Ադրբեջանի կողմից չկատարելու հարցը կբարձրացնի ՄԱԿ-ում

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն աշխատում է Լաչինի միջանցքն արգելափակելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումն Ադրբեջանի կողմից չկատարելու հարցը ՄԱԿ Անվտանգության խորհրդում բարձրացնելու ուղղությամբ։ Այս մասին ԱԺ պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

 

«Մենք, ցավոք, առերեսվում ենք իրականության հետ, որ Ադրբեջանն առհասարակ անտեսում է որոշումը։ Ոչ միայն անտեսում է, այլ ամենաբարձր պաշտոնական մակարդակից մինչև ցածր պաշտոնական մակարդակներում փորձում է նաև աղավաղել որոշման բովանդակությունը: Դա նաև վերջերս արտահայտվել էր Ադրբեջանի ԱԳ նախարարի նամակում, որն ուղղված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որին, ի պատասխան, նամակ է ներկայացվել նաև մեր նախարարի կողմից»,- ասաց Կիրակոսյանը:

 

Կիրակոսյանը շեշտեց, որ եղել են փորձեր՝ դատարանի միջանկյալ որոշումները կամ ժամանակավոր միջոց կիրառելու որոշումները ներկայացնել Անվտանգության խորհուրդ, սակայն դրանք առանձնապես հաջողությամբ չեն պսակվել: Դեպքերը վերաբերել են մշտական անդամին, մշտական անդամն էլ, որպես կանոն, կիրառել է վետոյի իրավասությունը, և ԱԽ-ում հարցը վեջնական քննարկման չի արժանացել:

 

«Մեր պարագայում, կարծում եմ, անհրաժեշտ է այդ ուղղությամբ աշխատել: Ես գիտեմ, որ ԱԳ նախարարության գործընկերներն արդեն աշխատում են այդ ուղղությամբ: Շատ կարևոր է, որ Անվտանգության խորհրդում հարցը բերվի օրակարգ: Եվ պետք է հնարավորինս օգտագործելով բոլոր դիվանագիտական խողովակները՝ այդ ուղղությամբ աշխատանք տարվի»,- ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:

 

Կիրակոսյանը նշեց, որ այս որոշման չկատարումն ամեն դեպքում ստեղծում է ռիսկեր՝ միջազգային խաղաղության և անվտանգության համար: Ակնհայտ է, որ դատարանի որոշման չկատարումը, այսինքն շրջափակումը շարունակելն առաջացնում է լրջագույն ռիսկեր միջազգային անվտանգության համար տարածաշրջանում։

Հայաստանն առնվազն 2 տրամաբանությամբ հարցը ՄԱԿ–ի ԱԽ–ում բարձրացնելու հնարավորություն ունի։ Առաջինը ֆորմալ տեսանկյուն է. կա կանոնադրության 94-րդ հոդվածը, որը նման լիազորություն տալիս է ԱԽ-ին: Երկրորդ տրամաբանությունը ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլուխն է՝ միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման լիազորությամբ օժտված լինելը:


 

Քաղաքականություն