«Ստիպված եմ արձագանքել». Արցախի պետնախարարը` իր անձի մասին տարածվող տեղեկությունների մասին

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսուքյան իր էջում գրել է. 

 

«Սիրելի հայրենակիցներ

Արդեն 15 օր է, ինչ աշխատում եմ որպես Արցախի Հանրապետության պետական նախարար: Մինչ այդ օրերի ընթացքում գործադիր իշխանության բոլոր հնարավորությունները լարելով գրեթե շուրջօրյա ռեժիմով փորձում ենք ոչ միայն մեղմել Արցախի շրջափակման հետևանքները, այլև վերականգնել երկրի տնտեսության առաջնահերթ ճյուղերի գործունեությունը, հայաստանյան որոշ լրատվամիջոցներ, սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր, հստակ նպատակներից ու ազդեցությամբ մղված, առանց ծագումն ու ծագումնաբանությունը գոնե քողարկելու անցել են իմ անձի հասցեին կեղծ, պախարակող տեղեկություններ տարածելուն: Հաշվի առնելով, որ նման երևույթները կարող են հանրության մոտ անհիմն կարծիք կամ տպավորություններ ձևավորել՝ այդ պատճառով ցանկանում եմ արձագանքել ու հայտարարել հետևյալը.

 

1.Մինչպատերազմյան շրջանում ես պետական համակարգում աշխատող այն բացառիկ պաշտոնյաներից էի, ով հրապարակայնորեն անհամաձայնություն հայտնելով երկրում տեղի ունեցող մի շարք երևույթների վերաբերյալ, հրաժարվել էր պետական պաշտոնից: Իսկ պատերազմից հետո, գիտակցելով անձնական պատասխանատվությունս, ստանձնել եմ իմ բաժին առաքելությունը և անխոնջ կերպով անցել պետական ծառայության՝ հասկանալով հետպատերազմյան երկրի առանձնահատկությունները, խնդիրները, անձնականը պետական շահից վեր դասելու անթույլատրելիությունը և համընդհանուր ուժերով Արցախը պահպանելու և պաշտպանելու կարևորությունը:

 

2. 2021թ. ընտրվելով գլխավոր դատախազի պաշտոնում, ես առաջինը հայտարարեցի թանկարժեք ծառայողական մեքենայից հրաժարվելու մասին և պետական նախարարի պաշտոնում նույն հայտարարությունը չեմ արել՝ ավելորդ մեկնաբանությունների առիթ չտալու համար: Շարունակել եմ օգտվել իմ անձնական մեքենայից, ծառայողական մեքենա ձեռք չեմ բերել և առկա ծառայողական մեքենան օգտագործել եմ հատուկենտ դեպքերում, երբ իմ մեքենան այդ պահին ներգրավված էր ծառայողական այլ խնդրի կատարմանը:

 

3. Կան մարդիկ, ովքեր մեր քաղաքացիների հետ շփումներում կեղծ լուրեր են տարածում իմ և կառավարության գործունեության վերաբերյալ, անգործություններ կամ թերություններ վերագրում, բացահայտ սուտ հայտարարություններ անում, ինձ պարերաբար նման տեղեկություններ են փոխանցվում: Այդ անձանց բացահայտելուց հետո թեև բացահայտվել էին նաև նման քայլերի շարժառիթներն ու նպատակները, այդուհանդերձ, ուզում եմ հայտարարել, որ պետական նախարարի 15-օրյա աշխատանքի ընթացքում բացահայտել եմ անպատկերացնելի խնդիրներ ու բացթողումներ, բայց իմ սովորության համաձայն զերծ եմ մնացել դրանք հանրայնացնելուց կամ բարձրաձայնելուց և ուրիշին փնովելու միջոցով ինձ բարձրացնելուց, այլ անցել եմ դրանք անհապաղ լուծելու գործին: Հուսով եմ՝ իմ այս մոտեցումը արդարացված ու ճիշտ է, և ոմանք իմ այս զսպվածությունից ու պետականամետ մոտեցումից այլևս չեն առիթավորվի:

 

4. Վաճառվող ապրանքների մատակարարման ու բարձիթողի գների հետ կապված լրջագույն խնդիրներ են արձանագրվել, որոնց կարգավորման ուղղությամբ արդեն զգալի համակարգային աշխատանք ենք իրականացրել: Վստահ եմ, որ առաջիկա օրերին այդ միջոցառումների արդյունքները տեսանելի կլինեն մեր քաղաքացիների համար՝ շարունակաբար ապահովելով պետական ու հանրային խիստ վերահսկողություն տնտեսվարողների հանդեպ:

 

5. Իմ պաշտոնավարման առաջին օրվանից ձեռնամուխ եմ եղել գարնանացան մշակաբույսերի սերմացուների ձեռքբերման ու մատակարարման կազմակերպման գործին՝ դա համարելով գլխավոր առաջնահերթություն բնակչության երկարաժամկետ պարենային անվտանգության ապահովման համար: Թե որքան խնդիրներ ենք շտկել այդ ճանապարհին, կրկին կնախընտրեմ չխոսել հրապարակայնորեն:

 

6. Որպես պետական նախարար՝ ամենօրյա ռեժիմով ընդունում եմ որոշումներ, կրճատում եմ չհիմնավորված կամ այլևս չարդարացված ֆինանսավորումներ, որոնցից յուրաքանչյուրի դեպքում մեզ համար տեսանելի է լինում կոնկրետ անձանց կամ շրջանակի կողմից դժգոհությունների կամ հրապարակային քննադատության հնարավորությունը: Անընդունելի եմ համարում պետական կառավարում իրականացնելը ընդամենը անձանց գոհացնելու կամ քննադատության չարժանանալու մղումներով և այսուհետ ևս շարունակելու եմ բարձր դասել պետական շահը որոշակի անձանց կամ շրջանակի շահերից:

 

7. Ինչպես գլխավոր դատախազի պաշտոնում, այնպես էլ հիմա բարձր գործնական հարաբերություններ ունեմ Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի ղեկավար կազմի հետ, իսկ որոշների հետ հարաբերությունները վաղուց արդեն ընկերական են: Ռուս խաղաղապահների տեղակայման վայրում վերջերս տեղի ունեցած քաղաքացիական ակցիայի հետ որևէ կապ չեմ ունեցել, ակցիայի վայր եմ ներկայացել Արցախի Հանրապետության նախագահի, ազգային անվտանգության ծառայության տնօրենի ու ներքին գործերի նախարարի առաջարկությամբ և նրանց հետ քննարկելուց հետո՝ մեր քաղաքացիների հետ խոսելու և լարված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով: Եթե որևէ մեկը պատրաստ և ցանկանում էր անձամբ հանդիպել քաղաքացիներին ու քաղաքակիրթ կերպով հարթել խնդիրը, ապա որևէ մեկը չէր կարող նրան խանգարել: Իսկ երբ երես չեն ունենում մարդկանց առաջ դուրս գալու, սկսում են բամբասանքներն ու մեղադրանքները:

 

Ամեն դեպքում միայն Արցախի շահերը սեփական ցանկություններին ստորադասող մարդը կարող է հետևողականորեն փորձ անել Արցախի Հանրապետության պետական նախարարին ներկայացնել որպես Արցախում ռուս խաղաղապահ ուժերի դեմ գործող պաշտոնյա: Ի դեպ, Արցախում ռուսական համայնքի հետ պլանավորված մեր ծրագրերը առաջիկայում կյանքի կոչելը երևի ոմանց մոտ ծանր ապրումներ կառաջացնի, եթե ոչ նյարդային ցնցումներ:

 

Որպես ամփոփում՝ կուզեի ընդգծել, որ 15 օրը բավարար չէ նույնիսկ խնդիրներին ծանոթանալու համար, այնինչ ես միանգամից մտել եմ օպերատիվ հարցերի լուծման հորձանուտը՝ զուգահեռաբար ջանքեր գործադրելով երկարաժամկետ ու համակարգային լուծումների ուղղությամբ: Իսկ ներքին համերաշխությունն ու փոխհարգանքը ինձ համար կարևոր առաջնահերթություններ են հատկապես այսպիսի ծանր ճգնաժամի պայմաններում, սակայն ցավում եմ, որ ոմանք նախընտրում են անընդհատ խանգարել ու պառակտել՝ զուգահեռաբար չմոռանալով կենացներ ասել միասնականության անհրաժեշտության մասին: Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը բոլորին լսելու և բոլորի հետ համագործակցելու՝ հանուն Արցախի անվտանգության, բարօրության ու հարատևման»,-գրել է պետնախարարը:

Քաղաքականություն