Ոստիկանական մեքենայում Պետրոսյանի ինքնազգացողությունը վատացել է, հրավիրվել է շտապօգնություն․ պատգամավոր

 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը մանրամասներ է պատմել ձերբակալված նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ հանդիպման վերաբերյալ։ 

«Գործընկերոջս` Արման Ղազարյանի հետ, այցելեցինք 72 ժամով ձերբակալված Գևորգ Պետրոսյանին: Պարոն Պետրոսյանը պատմեց իր հետ տեղի ունեցած դեպքի մանրամասները: 
Ըստ նրա, երեկ երեկոյան Պարեկային ծառայության աշխատակիցները բավականին երկար ժամանակ հետևել են իրեն, այնուհետև, արդեն այն ժամանակ, երբ վերջինս մոտ է եղել իր բնակության վայրին, մոտեցել են և առանց պատշաճ կերպով օրինական պահանջ ներկայացնելու փորձել են իրեն դուրս բերել մեքենայի միջից: 
Ի վերջո, մեծաթիվ պարեկային ծառայողների միջոցով դա նրանց հաջողել է, ինչի հետևանքով Գևորգ Պետրոսյանին տեղափոխել են նախ անհրաժեշտ քննություններն անցկացնելու, ապա Երևան քաղաքի ոստիկանական բաժանմունքներից մեկը: 
Պարեկային ծառայողների ակնհայտ անօրինաչափ գործողությունների հետևանքով ոստիկանական մեքենայում կտրուկ վատացել է Գևորգ Պետրոսյանի ինքնազգացողությունը: 
Ահազանգով ժամանել են շտապ օգնության ծառայության աշխատակիցներ, որոնք նախնական զննությունից հետո պնդել են, որ Գևորգ Պետրոսյանին անհրաժեշտ է տեղափոխել բժշկական հաստատություն, քանի որ վերջինիս մոտ առկա են առողջական խնդիրներ, և բժշկական օգնություն ցուցաբերելու անհապաղ կարիք կա։ 
Պարեկային ծառայության աշխատակիցները հրաժարվել են իրականացնել այս պահանջը` այդպիսով վտանգելով ՀՀ քաղաքացու կյանքը: 
Ի վերջո, ոստիկանական բաժանմունք բերման ենթարկվելուց հետո Գևորգ Պետրոսյանին տեղափոխել են Ձերբակալված անձանց պահման վայր, որտեղ էլ այսօր տեսակցեցինք նրան: 
Չնայած առողջական խնդիրներին և դեղամիջոցներ ընդունելուն՝ պարոն Պետրոսյանը հոգեպես ընկճված չէ։ 
Ակնհայտ է, որ այս ամենը պարոն Պետրոսյանի հետ տեղի է ունեցել իշխող ուժի նկատմամբ հնչեցրած դիրքորոշումների հետևանքով։ 
Իսկ տեղի ունեցածը ևս մեկ ապացույցն է այն հանգամանքի, որ մարդու իրավունքներ ասվածն իշխող ուժի ներկայացուցիչների համար պարզապես իշխանության գալու հարմար միջոց էր»: 

Նշենք, որ ՆԳՆ–ն էլ իր հերթին հայտարարություն է տարածել, որ Գևորգ Պետրոսյանը չի ենթարկվել պարեկների պահանջներին։

Քաղաքականություն