Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ քաղաքացիների ինքնորոշման սկզբունքները հավասարազոր են․ Շոլց
Անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Այսօր մենք մտքերի շատ լավ ինտենսիվ փոխանակություն ունեցանք հարաբերությունների խորացման մասին: Դուք հետևել եք, տեսել, որ վարչապետ Փաշինյանը համապարփակ ռեֆորմների գործընթաց է սկսել իր երկրում, այս ճանապարհին մենք ցանկանում ենք շարունակել օգնել Հայաստանին մեր հնարավորությունների սահմաններում: Մի կարևոր քայլ մենք կատարեցինք անցած տարի, Գերմանիան վերսկսեց զարգացման ոլորտում համագործակցությունը Հայաստանի հետ: Եվրոպական մակարդակում մենք աշխատում ենք Արևելյան գործընկերության շրջանակում` այստեղ էլ օգնելու բարեփոխումների ճանապարհին:
Մենք նաև խոսեցինք Ռուսաստանի հարձակողական պատերազմի մասին, և Ուկրաինայի, ինչպես նաև Հայաստանի ու Հարավային Կովկասի նկատմամբ նրա զգալի ազդեցության մասին:
Ես գիտակցում եմ, որ նաև հատկապես Հայաստանի վրա զգացվում է այս ազդեցությունը: Այդ պատճառով ավելի կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը քայլ առ քայլ երկարաժամկետ լուծման գնան: Վարչապետն ինձ ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումները, մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայունությամբ և Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար իրավիճակի կապակցությամբ: Ստատուս քվոն չի կարող շարունակվել և պետք է հանգել երկարաժամկետ լուծման` ի բարօրություն մարդկանց:
Այս առումով, անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հյասատանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են:
Գերմանիան աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին, այդ նույնն արել ենք նաև եվրոպական անձնակազմ ուղարկելով ԵՄ դիտորդական առաքելության կազմում: Ընդ որում, գերմանացի դաշնային ոստիկան է ղեկավարելու այդ առաքելությունը:
Մտքերի փոխանակություն ենք իրականացրել Պրահայում կայացած քառակողմ հանդիպման մասին, անդրադարձել ենք նաև առևտրատնտեսական հարաբերություններին: Գերմանիան Եվրամիության մեջ ամենակարևոր առևտրատնտեսական գործընկերն է, այս համատեքստում վարչապետին խնդրել եմ քաջալերել` շարունակելու կոռուպցիայի դեմ պայքարի իր գործը: Այլ հարցերի ևս անդրադարձել ենք, շնորհակալ եմ պարոն վարչապետին այցի համար: Համոզված եմ, որ հետագայում այլ շատ հարցեր կունենանք և հարցեր կքննարկենք,- ասե է նա: