Հայաստան-ԵՄ պայմանագիր, ռուս-ուկրաինական պատերազմ, Լաչինի միջանցք․ Փաշինյանի և Շոլցի համատեղ ասուլիսը

Այսօր ամենահրատապ խնդիրն այն է, որ Ադրբեջանի կողմից 2022թ. դեկտեմբերի 12-ից փակվել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի հետևանքով 120 հազար բնակիչներ հայտնվել են փաստացի շրջափակման մեջ: Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

 

«Ադրբեջանի այս գործողությունները 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է, որը ԼՂ ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի լայնածավալ և համակարգված քաղաքականության մի մասն է: Նաև կարևոր է ընդգծել, որ կարծում ենք շատ էական կարող է լինել միջազգային փաստահավաք առաքելության առաքումը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ` միջազգային հանրության իրավիճակի ավելի համապարփակ ծանոթացման համար:

 

Պիտի ընդգծեմ, որ փետրվարի 22-ին Արդարադա¬տության միջազգային դատարանը իրավաբանորեն պարտավորեցնող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ, որով պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:
 

Կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին գործուն քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ իրականացումը։
 

Կարևորում ենք Գերմանիայի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և համամարդկային արժեքների պահպանման երկրի հստակ դիրքորոշումը, որը կաջակցի Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերին»,- ասել է Փաշինյանը:
 

Պատասխանելով ԵՄ-Հայաստան համագործակցության մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունը կարգավորվում է փոխադարձ պաշտոնական նամակներով։ Մենք նաև ունենք պայմանավորվածություն, որ այդ ներկայությունը և առաքելությունը կարգավորող պայմանագիր պետք է քննարկվի, բանակցվի և ստորագրվի: Եվ ես կարծում եմ, որ նաև մոնիտորինիգի առաքելության ներկայությունը կարգավորող փաստաթուղթ մենք առաջիկայում հնարավոր է կստորագրենք, երբ կբանակցենք և ընդհանուր համաձայնության կգանք՝ արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունների ձևակերպումների շուրջ

 

Ինչ վերաբերում է ՌԴ-ի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները շրջանցելու մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Որպես ժողովրդավար երկիր և երկիր, որի համար թափանցիկությունը շատ կարևոր է, մենք ասել ենք և ասում ենք, որ ՌԴ-ի դեմ սանկցիաների կիրառման հարցում թափանցիկ ենք»։

 

«Փոխվում են լոգիստիկ շղթաները, փոխվում են հարաբերությունները՝ ոչ միայն ԵՄ-ից դեպի Հայաստան ներկրումներն են ավելացել, այլև Հայաստանից արտահանումներն են ավելացել դեպի ԵՄ և դա նաև այն պատճառով, որ մենք հետաքրքրված ենք ԵՄ-ի հետ հարաբերությունների հաստատման գործում։ Ինչ վերաբերում սանկցաները շրջանցելու հետ կապված խոսակցություններին, պետք  է ընդգծեմ, որ դրանք ավել չեն, քան խոսակցությունները»,-հայտարարել է Փաշինյանը՝ օրինակ բերելով, որ  անցած տարվա գարնանը արևմտյան մի սեփականատեր Հայաստանի Հանարապետութունից  իր տիրապետության տակ վերցրել ՌԴ ավիաընկերություններից մեկի կողմից օգտագործվող օդանավ։  

 

«Սա կարծում եմ այն ամենաուղիղ և պարզ օրինակն  է, երբ մենք ցույց ենք տվել, որ հարգելով մեր բոլոր հարաբերությունները, հարգելով մեր բոլոր գործընկերներին, գործողությունների և գործունեության  օրինականությունն ունի սկզբունքային նշանակություն։ Ես չեմ կարծում, որ նման դեպք ունեցող երկրին կարելի է որևէ այլ ստվերային հանգամանքի մեջ մեղադրել»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ  պետք է նաև համակ ուշադրությամբ հետևել իրադարձություններին, որպեսզի օգտակար լինել նաև մասնավոր հատվածին, որը նրանք ևս կարողանան այնպիսի գործունեություն ծավալել, որ չփչանի հայկական կողմի հարաբերությունները իր որևէ գործըներոջ հետ։

 

Համատեղ ասուլիսի ժամանակ նաև հարց է հնչել այն մասին, որ Ուկրաինայի բանաձևի հարցում անցած շաբաթ Հայաստանը ձեռնպահ է քվեարկել, ինչու երկիրը լիարժեքորեն չի դատապարտում Ռուսաստանի հարձակողական պատերազմը: 

 

«Մեր պետությունն ամեն ինչ անում է, որպեսզի միջազգային հարթակներում դրսևորվի և դրսևորի իրեն միջազգային հանրության պատասխանատու անդամ: Մենք այս ուղղությամբ, կարծում եմ, անում ենք և արել ենք շատ տեսանելի քայլեր և մեր սկզբունքային այս դիրքորոշումը շարունակվելու է պահպանվել»,- ասել է Փաշինյանը: