
Իսրայելում ուժայինները ջրցան մեքենաներ և լուսաձայնային նռնակներ են կիրառել ցուցարարների դեմ

Երուսաղեմում, Թել Ավիվում և իսրայելական այլ քաղաքներում հազարավոր ցուցարարներ, ովքեր դեմ են կառավարության ծրագրած իրավական բարեփոխումների, կրկին դուրս են եկել փողոց, ոստիկանությունը ցրել է ցուցարարներին ջրցան մեքենաներով և լուսաձայնային նռնակներով, գրում են իսրայելական լրատվամիջոցները։
Թել Ավիվում մոտ 40 մարդ է բերման ենթարկվել։ Նրանցից ոմանք փորձել են փակել քաղաքի կենտրոնական փողոցները։ Ուշ կեսօրին իրավիճակը Թել Ավիվում մի փոքր հանդարտվել է, սակայն Երուսաղեմում անկարգությունները սաստկացել են։
Ձերբակալություններ են կատարվել նաև Հայֆայում, Քֆար Սաբայում, Քարկուրում և Կիրյաթ Շմոնայում։
Վերջին շաբաթներին երկրում պարբերաբար լայնամասշտաբ ցույցեր են անցկացվում։ Մարդիկ բողոքում են Բենիամին Նեթանյահուի կառավարության կողմից իրականացվող իրավական բարեփոխումների դեմ։