
Արմավիրում աները սպանել է փեսային. մանրամասներ

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում 46-ամյա աները սպանել է 31–ամյա փեսային։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։
Ըստ կայքի` դեպքը տեղի է ունեցել երեկ` փետրվարի 28-ին։ Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժինը տեղեկություն է ստացել, որ գյուղի Թումանյան փողոցում կրակոցներ են հնչել, կա վիրավոր:
Ոստիկանները նշված փողոցի 20 տան մոտ հայտնաբերել են «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի աջ կողմում՝ գետնին, եղել է հրազենային վնասվածքներով տղամարդու դի:
Իրավապահները պարզել են, որ սպանվածը նույն գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Մ.-ն է, իսկ ենթադրյալ հանցագործը` Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Արմեն Խանոյանը։
Գյուղացիների խոսքով` Զովունիում ապրող աները տաքսիով եկել է գյուղ, որսորդական հրացանով կրակել ու սպանել փեսային։
Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, արյունոտված բահ, իսկ եղեգների մոտ` հանցագործության գործիք հրազենը։
Խանոյանը ձերբակալվել է: