Քանդակագործի կինը դատի է տվել Կենտրոնական բանկին` հեղինակային իրավունքները խախտելու համար

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանի այրին՝ Հասմիկ Եղիազարյանը, դատական կարգով փորձում է պաշտպանել ամուսնու հեղինակային իրավունքը: Այս մասին գրում է Hetq.am-ը։

 

Եղիազարյանը պնդում է, որ Կենտրոնական բանկի (ԿԲ) թողարկած «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամի դիմերեսին և դարձերեսին պատկերված են ամուսնու ստեղծագործությունների պատկերները, որի համար ԿԲ-ն թույլտվություն չի ստացել: Դրանով խախտվել է քանդակագործի հեղինակային իրավունքը:

 

«Հայ բարերարների ճեմուղու հիմնադրում» ծրագրի շրջանակներում քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը իրականացրել է ճեմուղու ստեղծման հետ կապված աշխատանքներ: Ճեմուղում կանգնեցվել են Առաքելjանի հեղինակած` հայ բարերարներ Պողոս Նուբարի, Ալեքսանդր Մանթաշյանի, Ալեք Մանուկյանի, Գալուստ Գյուլբենկյանի, Միքայել Արամյանցի, Հովհաննես Լազարյանի հուշակոթողները: Իսկ ճեմուղու միջնամասում տեղադրվել է բարերարության հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթող:

 

22.03.2019թ. Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամը: Որպես էսքիզների հեղինակներ նշվել են Հարություն Սամուելյանը (դիմերես) և Վարդան Վարդանյանը (դարձերես):

 

Ֆերդինանտ Առաքելյանը մահացել է 2018թ. ապրիլի 21-ին: Վերջինիս ժառանգ է ճանաչվել կինը՝ Հասմիկ Եղիազարյանը: Նրա ներկայացուցիչը պնդում է, որ հեղինակի գույքային իրավունքները գործում են հեղինակի կյանքի ընթացքում և շարունակում են գործել նրա մահից հետո 70 տարի:

 

Հասմիկ Եղիազարյանի ներկայացուցիչը դատարանում հայտնել է, որ հուշադրամի դիմերեսին պատկերված է Ճեմուղու Գալուստ Գյուլբենկյանի հուշակոթողը, իսկ դարձերեսին՝ բարերարության հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Քաղաքականություն