
Թրամփը դժգոհություն է հայտնել Ուկրաինայում ամերիկյան ձեռնարկությանը ռուսական հարվածներից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել Ուկրաինայում ամերիկյան ձեռնարկությանը ռուսական հարվածների կապակցությամբ։
Դոնալդ Թրամփը չի բացառել ո՛չ Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը, ոչ էլ ոչինչ չձեռնարկելը. դա կախված կլինի ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու գործում առաջընթացից: Թրամփի խոսքով՝ ամեն ինչ պարզ կլինի երկու շաբաթից:
«Այդ ժամանակ ես որոշում կկայացնամ հետագա անելիքների վերաբերյալ: Դա կարող է լինել խոշոր պատժամիջոցների կամ մաքսատուրքերի սահմանում, կամ երկուսը միասին: Կամ գուցե մենք ոչինչ էլ չանենք և ասենք՝ սա ձեր պատերազմն է»,- նշել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը նաև դժգոհություն է հայտնել Ուկրաինայում գործող ամերիկյան ձեռնարկությանը ռուսական հարվածների կապակցությամբ: Նա շեշտել է՝ «այդ պատերազմի հետ կապված ես դժգոհ եմ ամեն ինչից»: Պատասխանելով հարցին, թե ինչ կանի, եթե կողմերը չնստեն բանակցությունների սեղանի շուրջ, Թրամփը նշել է՝ կհասկանա, թե ով է մեղավոր, և կա՞ն արդյոք դրա համար պատճառներ:
Ալյասկայում Ռուսաստանի նախագահի, այնուհետև Սպիտակ տանը Ուկրաինայի և եվրոպական ղեկավարների հետ հանդիպումից հետո Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ Վլադիմիր Պուտինը և Վկադիմիր Զելենսկին հանդիպում կունենան:
Ռուսաստանի արտգործնախարարը, սակայն, հայտարարել է, որ Պուտինը հանդիպման կգնա, միայն եթե այդ հանդիպումն ունենա նախագահական օրակարգ:
Կիևից էլ հայտարարել են, որ Զելենսկին կհանդիպի Պուտինին միայն այն բանից հետո, երբ դաշնակիցները վերջնականապես համաձայնեցնեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները: