Նիդեռլանդների ԱԳ նախարարը հրաժարական է տվել, քանի որ չի հաջողվել հասնել Իսրայելի դեմ պատժամիջոցների սահմանմանը

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ նախարարների կաբինետի նիստում չի հաջողվել հասնել Իսրայելի դեմ պատժամիջոցների սահմանմանը, ինչը թուլացրել է երկրի առանց այն էլ փխրուն ժամանակավոր կառավարությունը, գրում է The Guardian-ը։


Վելդկամպի գործընկերները՝ «Նոր հասարակական պայմանագիր» (NSC) կենտրոնամետ կուսակցությունից, նույնպես լքել են իրենց պաշտոնները, երբ ուրբաթ ուշ երեկոյան կառավարությունում Իսրայելի դեմ ավելի կոշտ միջոցներ ձեռնարկելու հարցով բանավեճը փակուղի է մտել։


Իսրայելի դեմ հետագա քայլերի քննարկումը սկսվել է այն բանից հետո, երբ Նիդեռլանդները միացել է 20 այլ երկրների, որոնք հինգշաբթի օրը ստորագրել էին համատեղ հռչակագիր՝ դատապարտելով օկուպացված Արևմտյան ափին անօրինական բնակավայր կառուցելու Իսրայելի ծրագրերը։ Քննադատները նշում են, որ 3400 տնից բաղկացած բնակավայրը տարածքը կբաժանի երկու մասի։ Նիդեռլանդները հուլիսին արգելել էր իսրայելցի ծայրահեղ աջ նախարարներ Իտամար Բեն-Գվիրի և Բեցալել Սմոտրիչի մուտքը երկիր։ Ուրբաթ օրվա հանդիպումից հետո Վելդկամպը, որը Իսրայելում նախկին դեսպան է, հոլանդական ANP լրատվական գործակալությանը հայտարարել է, որ «նշանակալի լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու համար բավարար հնարավորություններ չունի»։


Իր հրաժարականի մասին հայտարարության մեջ նա ասել է. «Ապրում ենք աննախադեպ աշխարհաքաղաքական լարվածության ժամանակներում, երբ դիվանագիտությունը կարևոր է, քան երբևէ»։

Քաղաքականություն