Կացարանի հրդեհի գործով մեղադրյալ կապիտանն այսօր դեմքի և դաստակների մաշկի փոխպատվաստման կենթարկվի

Գեղարքունի մարզի Ազատ գյուղի N զորամասի ինժեներասակրավորային կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհից զոհված 15 զինծառայողի մահվան գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանն այսօր կվիրահատվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը։

 

«Կատարվելու է դեմքի եւ դաստակների մաշկի փոխպատվաստում»,- ասել է  Բաբայանը։

 

Նշվում է, որ կապիտանը դեռեւս չի հարցաքննվել։ Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրենը հավելել է, որ նախորդ շաբաթ նույն վիրահատությանը ենթարկված ժամկետային զինծառայողի վիճակը բավարար է։ Նա այժմ ունի ականջի աճառի բորբոքում, ինչի բուժումից հետո կարող է տեղափոխվել զինվորական հոսպիտալ։

 

Վառարանը վառել փորձող կապիտանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ): Հրդեհի հետեւանքով այրվածքներ է ստացել նաեւ կապիտանը: Նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Քաղաքականություն

Պատահարներ