ՔԿ-ն` Երևանում սանմաքրում իրականացնող տղամարդկանց դանակահարման մասին
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի երկու տղամարդ աշխատակիցների դանակահարման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Ավան Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով ( զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը): Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Իրականացվում է նախաքննություն, կատարվել են առաջնային անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Հանցանքն առերևույթ կատարած անձի ինքնության վերաբերյալ առկա է օպերատիվ տեղեկատվություն։ Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն հանցանքն առերևույթ կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։