Կորեայի Հանրապետության պաշտպանությանը մնում է անսասան․ Պենտագոնի ղեկավար

Միացյալ Նահանգները հավատարիմ է պարտավորվածությանը՝ սովորական և միջուկային զենքերի օգտագործմամբ Հարավային Կորեային պաշտպանելու համար։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Սեուլում Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարար Լի Ջոնգ Սոպի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մեր հանձնառությունը Կորեայի Հանրապետության պաշտպանությանը մնում է անսասան: Միացյալ Նահանգները վճռականորեն հավատարիմ է ընդլայնված զսպմանը, որը ներառում է ԱՄՆ ռազմական ակտիվների ողջ շրջանակի օգտագործումը, ներառյալ սովորական և միջուկային զենքերը, ինչպես նաև հակահրթիռային պաշտպանությունը»- ասել է Պենտագոնի ղեկավարը:

ԱՄՆ պաշտպանության գերատեսչության ղեկավարի խոսքով՝ 2022 թվականին Հյուսիսային Կորեան աննախադեպ բազմաթիվ սադրանքներ է իրականացրել։ ԱՄՆ-ն Հարավային Կորեայի հետ դատապարտում է այդ վտանգավոր գործողությունները, որոնք, ըստ կողմերի, ապակայունացնում են իրավիճակը տարածաշրջանում։

Օսթինը նշել է, որ Հարավային Կորեայում ծառայում է 28 500 ամերիկացի զինծառայող, սա ԱՄՆ-ի ամենամեծ ռազմական կոնտինգենտներից մեկն է արտասահմանում։

«Սա ցույց է տալիս Կորեական թերակղզում խաղաղություն պահպանելու մեր անսասան հանձնառությունը: Անցյալ տարվա ընթացքում մեր երկրները զգալի հաջողությունների են հասել համագործակցության խորացման հարցում», - հավելել է Պենտագոնի ղեկավարը` ընդգծելով, որ կողմերը Փհենյանից սպառնալիքների ֆոնին, ուժեղացրել են արձագանքման միջոցառումները և վարժանքներ են անցկացնում։

Օսթինը երկուշաբթի այցով ժամանել է Կորեայի Հանրապետություն։

Քաղաքականություն

Պատահարներ