Հայտնի է` որ դիրքում է Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվով

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կենտրոնը հրապարակել է կոռուպցիայի ընկալման համաթիվ (ԿԸՀ) 2022 զեկույցը։ Պարզվում է, որ  2020, 2021 թվականներին Հայաստանն այս համաթվով ունեցել է 49 միավոր, այժմ ունի 46-ը։ Ըստ մեթոդաբանության՝ եթե կոռուպցիայի ընկալման համաթիվը 50-ից ցածր է, դա համարվում է պետությունում լուրջ հիմնախնդիր։

 

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է հունվարի 31-ին «Մեդիա կենտրոն»-ում`  2022-ի կոռուպցիայի ընկալման համաթվի արդյունքները վերլուծությունը կոռուպցիայի թեմայով։

 

«Տարիներ շարունակ առաջընթաց գրանցելուց հետո այս տարվա (2022) ԿԸՀ-ն անհանգստացնող է, քանի որ Հայաստանը նահանջել է 3 միավորով։ Թեև սա նշանակալի չէ վիճակագրորեն, սակայն այս անկումն արտացոլում է հակակշիռների պահպանման, իրավապահների բարեվարքության, դատական համակարգի անկախության ու քաղաքացիական տարածքի պաշտպանության խնդիրները»,- զեկույցից հատված է ներկայացրել Հոկտանյանը։

 

Տարածաշրջանում Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվի իր ցուցանիշով ավելի դրական արդյունքներ ունի, քան Ադրբեջանը, Թուրքիան կամ Իրանը։ Միևնույն ժամանակ, Վրաստանում կոռուպցիայի ընկալման համաթվի միավորներն ավելի բարձր են, քան Հայաստանինը. «Օմանից հետո նահանջի գծով ամենամեծ արդյունքներն ունեցել է Ադրբեջանը։ 7 միավորով է նահանջել, դա իր պատմական մինիմումն է։ Հայաստանում երկար տարիներ ստագնացիոն վիճակ էր, 2018-2020 թթ․ այդ աճը եղավ, բայց հիմա շատ մտահոգիչ վիճակ է»,- ասաց Հոկտանյանը՝ շեշտելով, որ կա ռիսկ առաջիկա տարիներին ցուցանիշի վատթարացման շարունակակության ուղղությամբ։

 

Աշխարհում ԿԸՀ տվյալներով լավագույն ցուցանիշներն ունեն Դանիան, Ֆինլանդիան և Նոր Զելանդիան, իսկ վատագույն ցուցանիշները՝ Սոմալին, Սիրիան ու Հարավային Սուդանը։

Քաղաքականություն

Պատահարներ