Անհայտ անձը Լոս Անջելեսում մարդկանց է գնդակահարել
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում հերթական կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով երեք մարդ Է մահացել, չորսը՝ վիրավորվել: Տեղեկությունը հայտնում է «Los Angeles Times»–ը` հղում անելով Լոս Անջելեսի ոստիկանությանը։
Զոհերը եղել են մեքենայում, իսկ տուժածները` փողոցում: Միջադեպը տեղի է ունեցել Լոս Անջելեսի Բենեդիկտ Կանյոն շրջանում։
Կասկածյալը կամ կասկածյալներն ազատության մեջ են:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մոնտերեյ զբոսայգում հրաձգություն էր տեղի ունեցել։ Տասը մարդ զոհվել էր, 16-ը՝ վիրավորվել։
Անհայտ տղամարդը կրակ էր բացել այն պահին, երբ Մոնտերեյ զբոսայգում նշում էին չինական Նոր տարին։ Սկզբում տեղի բնակիչները կրակոցները շփոթել էին հրավառության հետ։ Հարձակվողը կարողացել էր փախչել։ Կասկածյալ Հու Կան Տրանը ծրագրում էր ևս մեկ հարձակում իրականացնել պարային ստուդիայի վրա: Տեղեկությունը հայտնում է «Los Angeles Times» թերթը։
«Կասկածյալը մտել է «Lai Lai» պարային ստուդիա, հնարավոր է՝ մտադրություն ունենալով սպանել ևս երկու մարդու, սակայն տեղի համայնքի երկու անդամներ զինաթափել են հանցագործին՝ խլելով նրա ատրճանակը, և տղամարդը փախել է»,- հայտնել է Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ռոբերտ Լունան։
Նրա տվյալներով՝ կասկածյալը հեռացել է սպիտակ ֆուրգոնով, որն ավելի ուշ հայտնաբերվել է Տորանս քաղաքում։ Ֆուրգոնի ներսում հայտնաբերվել է կրակողի մարմինը։
Զոհերի ինքնությունը, որոնց թվում եղել է հինգ կին, պարզվում է։ Նրանք բոլորը 50-ից բարձր տարիքի են:
Ոստիկանությունը կարծում է, որ կրակել է 72-ամյա Հու Կան Տրանսը, նրա գործողությունների դրդապատճառները դեռ հայտնի չեն: