Միխեիլ Սաակաշվիլին վարակվել է կորոնավիրուսով

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով վարակվել է կորոնավիրուսով, թեթև է տանում հիվանդությունը։ Այս մասին հայտարարել է Vivamedi կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեն, փոխանցում է Sputnik Գրուզիան։

 

«Պարամետրերը չեն համապատասխանում վերակենդանացման բաժանմունք տեղափոխմանը, ուստի հիվանդը բուժումը շարունակում է բաժանմունքում։ Ինչ վերաբերում է կորոնավիրուսին, ապա այն ընթանում է մեղմ ձևով»,- ասել է Չխաիձեն։

 

Բժիշկների կարծիքով՝ Վրաստանի նախկին նախագահը թթվածնի կարիք չունի։ Բժիշկը հերքել է նաեւ տեղեկությունը, թե Սաակաշվիլին կորցրել է գիտակցությունը։

 

«Բժիշկը, բուժքույրը գիտակցության կորստի դրվագ չեն արձանագրել։ Ես խոսում եմ այն ​​իրականության մասին, որը կա»,- ընդգծել է Չխաիձեն։

Բժիշկները դեռ չգիտեն, թե կոնկրետ ումից է Սաակաշվիլին վարակվել COVID-19-ով։

 

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի` կորոնավիրուսով վարակվելու մասին հայտնի է դարձել հունվարի 24-ին։ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն հայտնել է, որ նախկին նախագահը հերթական անգամ կորցրել է գիտակցությունը։

 

Ավելի վաղ Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին հայտարարել էր, որ ԵՄ-ն ուշադիր հետևում է Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակին։ Նրա խոսքով, Բրյուսելը հույսը դնում է վրացական ղեկավարության կողմից քաղաքական գործչի իրավունքների պահպանման վրա։

Քաղաքականություն

Պատահարներ