The Guardian-ն անդրադարձել է Խաչանովի՝ Արցախին աջակցող գրառումներին

«Արցա՛խ, ուժե՛ղ մնա», «Շարունակեք հավատալ մինչև վերջ, ուժե՛ղ եղիր, Արցա՛խ» գրառումներ կատարած հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հայտնվել է բրիտանական The Guardian պարբերականի էջերում։ 

 

Պարբերականը գրում է, որ շրջափակված Արցախի մասին մարզիկի ուղերձները ոչ պակաս ուշադրություն են գրավել, որքան որ նրա խաղը:

Նշվում է, որ Խաչանովի հայրը՝ Աբգարը, Երևանից է:

«Ես հայկական արմատներ ունեմ: Հորս կողմից, պապիկիս, նույնիսկ մայրիկիս կողմից։  Ես կիսով չափ հայ եմ: Ես չեմ ուզում ավելի խորանալ և պարզապես ուզում էի ուժ և աջակցություն հայտնել իմ ժողովրդին», - իր արարքները մեկնաբանել էր Խաչանովը։

«Խաչանովի աջակցությունը լրացուցիչ լույս է սփռում Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային հակամարտության վրա, որը շարունակվում է ավելի քան 30 տարի։ Վերջին խոշոր հակամարտությունը՝ 44-օրյա պատերազմը, տեղի է ունեցել 2020 թվականին, երբ զոհվել է 6800 զինվոր», - գրում է The Guardian-ը՝ հիշեցնելով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակման, ինչպես նաև այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահների մասին:

Երեքշաբթի թենիսի միջազգային ֆեդերացիային ուղղված նամակում Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան պահանջել է Խաչանովին պատժել իր ուղերձի համար, սակայն Խաչանովն իր ուղերձներից ոչ մեկում չի հիշատակել Ադրբեջանը: