Դավիթ Տոնոյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել՝ բավարար ջանասիրություն չցուցաբերելու պատճառով. «Փաստինֆո»

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը դատավոր Վահե Դոլմազյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել՝ հայտարարելով, որ դատարանը պատշաճ ջանասիրություն չի ցուցաբերում՝ ապահովելու գործի քննության ընթացքը, մինչդեռ, ինքն արդեն 1 տարի 4 ամիս անազատության մեջ է գտնվում։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանից։

 

Նշենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, կայացել է Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի և մյուսների գործով դատական նիստը, որի ընթացքում շարունակվել է գործում առկա գրավոր ապացույցների հետազոտությունը։ Փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նիստի ավարտին Դավիթ Տոնոյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց այն հիմնավորմամբ, որ արդեն երկար ժամանակ է՝ 1 տարի 4 ամիս, գտնվում է անազատության մեջ, մինչդեռ դատավոր Վահե Դոլմազյանը չի դրսևորում հատուկ ջանասիրություն՝ ապահովելու գործի քննության ընթացքը, որը և՛ քրեադատավարական օրենսդրությամբ, և՛ վերաքննիչ դատարանի որոշմամբ արձանագրված պահանջ է։

 

«Առավելապես սուբյեկտիվ պատճառներով դատական նիստերը ձգձգվում են, նշանակված դատական նիստերը սպասվածից շատ ավելի կարճատև են լինում՝ պատճառաբանելով դատարանի ծանրաբեռնվածությունը, միջնորդությամբ նշվել է, որ դատական նիստերի ձգձգումները դատավորի կողմից դիտավորյալ են իրականացվում, որպեսզի կալանավորման միակ հիմքը՝ վկաների վրա ազդեցություն ունենալը, դեռևս անհնար լինի չեզոքացնել»,- նշեց Սերգեյ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է։

 

Փաստաբանը հայտնեց, որ գրավոր ապացույցների հետազոտումը դեռևս չի ավարտվել։

 

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արտակ Դավթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, Ստեփան Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ավետիկ Մուրադյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Վլադիմիր Բաբայանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Համբարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով։

Քաղաքականություն

Պատահարներ