100 տոննա պարենային մթերքն հնարավոր չէ հասցնել Արցախ

«Հայաստան» հիմնադրամի կողմից Արցախին հրատապ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ծրագրի շրջանակներում նվիրաբերած 100 տոննա պարենային մթերքն այս պահին գտնվում է Գորիս քաղաքում, և Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով հնարավոր չէ այն հասցնել Արցախ, այս մասին տեղեկանում ենք Արցախի Տեղեկատվական շտաբի տարածած հայտարարությունից:

 

Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցություններ են տարվում ստեղծված ճգնաժամային իրավիճակում հումանիտար բեռը Արցախի Հանրապետություն հասցնելու ուղղությամբ:

 

Բեռը տեղափոխելու հնարավորության դեպքում՝ այն կպահեստավորվի ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում և անվճար կբաշվի սոցիալապես խոցելի խմբերին՝ ըստ նախարարության ցուցակների:

 

Նշված իրավիճակում անթույլատրելի ենք համարում այս թեմայի շուրջ համացանցով և բնակչության շրջանում մանիպուլյատիվ տեղեկությունների տարածումը, որոնք հանրությանը բացահայտ մոլորեցնելու նպատակ են հետապնդում:

Քաղաքականություն

Պատահարներ