Մանրամասներ` Մատաղիսի հրամանատարի գործով. դիվիզիայի հրամանատարը նույնպես մասնակցել է խնջույքին. ԶԼՄ

Մատաղիսի զորամասի հրամանատար Սեւակ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է: Նախնական դատալսումները տեղի են ունեցել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին գրում է News.am-ը` նշելով, որ Աբրահամյանի պաշտպան Արման Թամրազյանից տեղեկացավ, որ գործը տեղափոխվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան, առայժմ նիստի օրը հայտնի չէ:

 

Թամրազյանն անդրադառնալով առաջադրված մեղադրանքներին, ասել է, որ հրամանատարը 44-օրյա պատերազմի նախորդ օրը տեղեկություններ չի ունեցել եւ չէր կարող ունենալ հակառակորդի հարձակվելու մասին:

 

«Զորքը մարտական պատրաստության առաջին աստիճանի բերելու իրավասությունը ունի Պաշտպանության նախարարը եւ Գլխավոր շտապի պետը: Այդ անձինք ունեն նաեւ ավելի մեծ հետախուզական միջոցներ, նրանք որոշում չեն կայացրել զորքը մարտական պատրաստության առաջին աստիճանի բերելու մասին. նման որոշում չեն կայացրել ՊԲ հրամանատարը, նրա տեղակալները, դիվիզիայի հրամանատարը, նրա տեղակալները: Տպավորություն է, թե հակառակորդը միայն Մատաղիսի գնդի վրա է հարձակվել, Սեւակ Աբրահամյանն էլ զորքը մարտական պատրաստության առաջին աստիճանի չի բերել. հակառակորդը սահմանի ամբողջ երկայնքով է հարձակվել եւ որեւէ զորամասի հրամանատար զորքը լրիվ մարտական պատրաստության առաջին աստիճանի չի բերել»:

 

Անդրադառնալով մեղադրանքի այն մասին, թե հրամանատարը սեպտեմբերի 26-ին խնջույք է կազմակերպել, պաշտպանը պատմել է, որ այն տեղի է ունեցել Բանակի հրամանատարի եւ դիվիզիայի հրամանատարի գիտությամբ եւ թույլտվությամբ. «Ընդ որում դիվիզիայի հրամանատարը նույնպես մասնակցել է խնջույքին: Նշեմ, որ խնջույքը շատ շուտ ավարտվել է»:

 

Պաշտպանը նշել է, որ Սեւակ Աբրահամյանը տեղեկություններ չի ունեցել նաեւ հակառակորդի կուտակումների մասին. «Քրեական գործում կան հստակ ցուցմունքներ, թե այդ ժամանակ ինչ տվյալներ են եղել, հետո էլ ինչ տեղեկություններ են ստացվել: Մեղադրանքի ամբողջ տգիտությունն այն է, որ քննիչը պնդում է, որ այդ խնջույքի պատճառով Թալիշն ու Մատաղիսը հակառակորդը գրավել է. այսինքն՝ եթե խնջույք չլիներ, հակառակորդը չէր հարձակվի, Թալիշն ու Մատաղիսն էլ չէր գրավի»:

 

Արման Թամրազյանը պատմել է, որ ԳՇ պետը, դիվիզիայի պետը ցուցմունք են տվել այն մասին, որ հակառակորդի ուժերը գերազանցել են 1/10-ի հարաբերակցությամբ.

 

«Այսինքն՝ Մարտական կանոնադրության համաձայն՝ եթե զորքերի հարաբերակցությունը 1/3-ի է, ապա հնարավոր է պաշտպանություն իրականացնել, բայց 1/10-ի հարաբերակցությամբ ոչինչ հնարավոր չի անել. Այնուամենայնիվ այդ զորամասը 5 օր մարտ է մղել»:

 

Պաշտպանի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմնին Թալիշի ու Մատաղիսի կորուստը չի հետաքրքրում. «Որովհետեւ եթե խորացված քննություն իրականացնեն, կպարզեն, թե ում հրամաններով եւ որ տարածքներից են զորքեր հանվել»:

 

Հիշեցնենք, որ նախորդ տարի Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ եւ Մատաղիս գյուղերի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու մեղադրանքով բարձրաստիճան սպա էր կալանավորվել:

 

Ըստ մեղադրանքի՝ հրամանատարը պատերազմի մեկնարկի  նախորդ օրը բանակի շուրջ 100 սպաների մասնակցությամբ կազմակերպել է խնջույք, որի ընթացքում թեեւ  տեղեկատվություն է ստացել, որ  առաջնագծում հակառակորդի կուտակումների կան եւ պատերազմի վտանգը մեծ է, անձնակազմին մարտական պատրաստություն չի բերել եւ ոչինչ չի արել հակառակորդի հարձակումը կանխելու, դրան դիմագրավելու համար:

Քաղաքականություն