ԵՊՀ-ն ՔՊ-ականացնելու գործընթացը նոր թափ է հավաքում. «Հրապարակ»

 Երևանի պետական համալսարանի ռեկտորի մոտ խուճապ է: Այս մասին գրում է «Հրապարակը»: 

 

Լրատվականը մասնավորապես գրել է.

 

«ԵՊՀ նոր կանոնադրությունը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նախորդ տարեվերջին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ մեծ դժվարությամբ անցկացրեցին։ Սակայն, պարզվում է, որ ՀՀ Արդարադատության նախարարությունը մի քանի օր առաջ մերժել է նոր կանոնանդրության հաստատումը և հետ է ուղարկել համալսարան: Բանն այն է` որ նոր կանոնանդրությունը, որը գրվել է Պապիկյանի ցանկությամբ և ճաշակով, ֆակուլտետների դեկանների ընտրությունը վերցնում է ֆակուլտետի խորհրդի ձեռքից և տալիս է ԵՊՀ գիտական խորհրդին, որտեղ անհամեմատ ավելի հեշտ կլինի իշխանություններին ազատվել «անցանկալի» դեկաններից: 

 

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստում, որը տեղի էր ունեցել 2022 դեկտեմբերի 28-ին և որտեղ հաստատվել էր այս նոր կանոնադրությունը, բոլոր ներկաները, ներառյալ` պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները կողմ էին քվեարկել՝ բացառությամբ ուսանող անդամների։ Ստացվում է, որ ուսանողներն ավելի շատ են մտածում իրենց ֆակուլտետների մասին, քան այդ ֆակուլտետների պրոֆեսորներն ու դասախոսները, որոնք ընդգրկված են ԵՊՀ գիտխորհրդում։ Այս մասին իր ՖԲ էջում գրառում էր արել ԵՊՀ Ոսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը: 

 

Հայտնի է, որ այս տարի մի շարք ֆակուլտետներում լրանում են դեկանների ժամկետները և նոր դեկաններ պիտի ընտրվեն։ Այս կանոնադրական փոփոխությունը պետք է դիտարկել այդ կոնտեքստում։ Բուհական ինքնավարությունից և բուհերը կուսակցականացնելուց տարիներ շարունակ խոսող ընդդիմությունը՝ դառնալով իշխանություն, փաստորեն, ավելի արմատական ձևով է շարունակում նախկիների ավանդույթները՝ գերազանցելով վերջիններիս: 

 

2022 դեկտեմբերի 28-ին կայացած նիստից ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամները պատմում են, որ Պապիկյանի ցանկությունն այնքան մեծ է եղել կանոնադրական փոփոխություններն անցկացնելու հարցում, որ նիստը վարելու ժամանակ պոռթկացել է․ «Ես հարբուխով հիվանդ գամ հասնեմ ստեղ, որ էս կանոնադրությունը հաստատենք, իսկ դուք երկար-բարակ հարցեր եք տալիս, ես հարցը դնում եմ քվեարկության ու վերջ…»: Դրանից հետո ԵՊՀ դասախոսներն ու պրոֆեսորները հնազանդորեն կողմ են քվեարկել օրենքի հետ խնդիրներ ունեցող կանոնադրությանը։

 

Համալսարանականները կարծում են, որ Պապիկյանը և Հովհաննիսյանը նմանատիպ որոշման են եկել այն ժամանակ, երբ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ, ընդդիմադիր գործիչ Ռուբեն Մելքոնյանը՝ ի հեճուկս հոգաբարձուների խորհրդի նախագահի, վերընտրվեց դեկանի աշտոնում։ Ֆակուլտետը միաձայն կողմ էր Մելքոնյանին, ով այս իշխանությունների ամենաեռանդուն ընդդիմադիրներից է»:

 

Քաղաքականություն

Պատահարներ