
Դատարանը բավարարեց արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանների ներկայացրած 3 միջնորդությունները

Դատարանը բավարարեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանների ներկայացրած երեք միջնորդությունները:
Առաջին միջնորդությամբ փաստաբանները պահանջում են ներգրավել փորձագետների՝ պարզելու սրբազանի խոսքում հեղաշրջման կոչ կա, թե՝ ոչ։
Երկրորդով՝ հետազոտել 2023-ի սկավառակը, որտեղ Աջապահյանը խոսում է հեղաշրջման մասին և որում մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը հանցակազմ չէր գտել։
Երրորդ միջնորդությամբ էլ փաստաբանները պահանջում են վարույթ ընդունել այն հանգամանքը, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրում քննչական գործողություններ կատարելիս Շիրակի թեմի առաջնորդի լիազորված ներկայացուցչին չեն թողել մասնակցել։
Դատարանն այսօր շարունակում է հետազոտել Միքայել Աջապահյանի գործով ապացույցները։
Հիշեցնենք` Միքայել Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի հոդվածով։ Մեղավոր ճանաչվելու դեպքում Միքայել Աջապահյանին սպառնում է տուգանքից մինչև 5 տարի ազատազրկում: