ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էսօրվանից գնացեք և փակեք». Փաշինյանի կարգադրություն տվեց

Պետք է խիստ վերահսկողություն լինի հակահրդեհային կանոնների պահպանման նկատմամբ նաև քաղաքացիական օբյեկտներում։ Կառավարության նիստում այս մասին շեշտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա դիմեց տեսչական մարմիններին` հանձնարարելով այս հարցում խիստ լինել։

 

«Քաղաքացիական մեծ օբյեկտներ ունենք, որոնք էդ պատճառներով չենք փակում, որ չստացվի` մի քանի հարյուր մարդու օրվա հացը վաստակելու հնարավորությունից զրկում ենք։ Բայց ես հանձնարարում եմ` կոմպրոմիս պետք է չլինի. որտեղ չի համապատասխանում հակահրդեհային կանոններին, գնացեք և փակեք»,– հանձնարարեց Փաշինյանը։

 

ՀՀ վարչապետը շեշտեց` կա՛մ ներդրողը պետք է համապատասխան ներդրումներ անի և հակահրդեհային կանոնները պահպանի, կա՛մ այդտեղ առևտուր անողները թող գնան և այլ տեղում աշխատեն, որտեղ կանոնները պատշաճ պահպանված են։

Նա հանձնարարեց գործի անցնել հենց այսօրվանից։ Որքան էլ որոշումը դժվար լինի, նման օբյեկտները պետք է ուղղակի փակվեն։

 

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ այսօր հայտնել է Գեղարքունիքի զորամասերից մեկում բռնկված հրդեհի մասին։

Նշվում էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։

Հաղորդվել էր, որ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կա 15 զոհ և 3 վիրավոր։

Դեպքի առնչությամբ արդեն պաշտոնանկություններ են եղել։

Քաղաքականություն