Ինչ-որ մեկը որոշել է սկսել մրցակիցների մաքրումը․ ես ազնիվ եմ՝ իմ, մարդկանց և Ուկրաինայի առաջ․ Տիմոշենկո
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն Facebook-ի իր էջում հայտնել է, որ կուսակցության գրասենյակում ավարտվել են «անհետաձգելի քննչական գործողությունները», որոնք շարունակվել են ամբողջ գիշեր։
«Անհետաձգելի քննչական գործողություններ», որոնք որևէ կապ չունեն իրավունքի և օրենքի հետ։ Ավելի քան երեսուն՝ մինչև ատամները զինված տղամարդիկ, առանց որևէ փաստաթուղթ ներկայացնելու, փաստացի զավթել են շենքը և աշխատակիցներին պահել պատանդի կարգավիճակում»,- նշել է Տիմոշենկոն։
Նրա խոսքով՝ խուզարկությունները իրականացվել են առանց դատարանի որոշման, իսկ առկա են եղել միայն ինտերնետում հնչեցված բարձրաձայն հրապարակային հայտարարություններ՝ առանց որևէ ապացույցի։
Տիմոշենկոն խուզարկությունը որակել է որպես «մեծածավալ PR-քայլ» և հավելել, որ հակակոռուպցիոն մարմինները «ոչինչ չեն գտել», ինչի արդյունքում պարզապես վերցրել են իր «աշխատանքային հեռախոսները, խորհրդարանական փաստաթղթերը և անձնական խնայողությունները», որոնց վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը առկա է պաշտոնական հայտարարագրում։
«Ես կտրականապես մերժում եմ բոլոր մեղադրանքները։ Ընտրությունները շատ ավելի մոտ են, քան թվում էր, և ինչ-որ մեկը որոշել է սկսել մրցակիցների մաքրումը»,- հայտարարել է նա։
Տիմոշենկոն նաև նշել է, որ սա իր դեմ ուղղված «քաղաքական պատվեր» է։
«Հետապնդումներն ու ահաբեկումը տարիներ շարունակ իմ առօրյան են։ Ես վաղուց այլևս ոչնչից չեմ վախենում, որովհետև գիտեմ, որ ազնիվ եմ՝ իմ, մարդկանց և Ուկրաինայի առաջ։ Ինձ ոչ ոք չի կարող կոտրել կամ կանգնեցնել։ Այս անգամ ևս մենք կրկին կապացուցենք ճշմարտությունը»,- եզրափակել է «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդը։





























