Ինձ մոտ հարց առաջացավ՝ Նիկոլ Փաշինյանը կոմունալ ծախսեր է վճարո՞ւմ. Սերժ Սարգսյանի փաստաբանը` դատախազության քննության մասին

Այսօր դատարանում քննվել է Սերժ Սարգսյանի Սերժ Սարգսյանի, Անուշ Մինասյանի, Սաթենիկ Սարգսյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին դատախազության հայցը: ՀՀ երրորդ նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանը, անդրադառնալով ավելի վաղ  Սարգսյանի գույքի ուսումնասիրման առնչությամբ Դատախազության ներկայացրած կանխավարկածին, նշել է. «չենք պատրաստվում խելագարության վարկածով որեւէ բան հիմնավորել»:

 

«Դատախազությունն ասում է՝ 1991 թվականին բոլոր աշխատած գումարները վերացել են, նշում է՝ մենք այդ կանխավարկածով ենք գործում, մենք էլ ասում ենք՝ չենք պատրաստվում խելագարության վարկածով որեւէ բան հիմնավորել»,- ասել է նա,- «Դատախազությանը ժամանակին այս պրոցեսի ծայրահեղ անօրինական լինելու մասին առարկություններ ենք ներկայացրել: Այս իշխանությունները երբ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին ինչ ծանր դրության մեջ էինք, ինչ մարտեր էին Արցախի Հանրապետության սահմաններին, այդ օրը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման խայտառակ ապօրինի պրոցես էին սկսում ՀՀ երրորդ նախագահի նկատմամբ: Այն ժամանակ, երբ այս պրոցեսը սկսվել է, այդ որոշման կայացման համար այդ նույն ապօրինի օրենքով չեն եղել հիմքեր, այսինքն՝ գործում առկա է փաստական տվյալներ, որ ուսումնասիրությունը սկսելու ժամանակահատվածում Սերժ Սարգսյանի անունով ընդհանրապես որեւէ գույք չի եղել հայտնաբերված»:

 

Փաստաբանի խոսքով՝ այն օրենքները, որոնք գրվում են, օրինական լինելուց բացի պետք է նաեւ բարոյական լինեն. «Բարոյականության հետ բավականին հակասություն եմ տեսնում, երբ երջանկահիշատակ տիկնոջ կատարված ծախսերի պատասխաններն են մեզնից ակնկալում: Ո՞նց կարող են մահացածների ծախսերը հարցնել ողջերից»:

 

Ճշտող հարցին՝ այսինքն երրորդ նախագահի մասով որևէ գումար և գույք չի՞ եղել, Մակինյանն ասել է՝ այո: 

 

Անդրադառնալով երրորդ նախագահի դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի, գույքի ուսումնասիրմանը՝ Մակինյանն ասել է, որ խոսքը մի տան մասին է, որտեղ Սաթենիկ Սարգսյանն իր ընտանիքով մինչեւ այսօր ապրում է: 

 

«ՀՀ պետական մարմիններն ինչ են որոշել, որ մարդուն իր բնակարանից վտարեն՝ առանց փաստական տվյալի»,- ասել է նա:  Իր խոսքով`  դատախազը խոսում է նաեւ կոմունալ ծախսերի մասին. «Եթե այս պրոցեսը ոչ թե պատվերով ուսումնասիրվեր, այլ նորմալ, կտեսնեին, որ ՀՀ երրորդ նախագահը 1993 թվականից մինչեւ 2018 թվականը բնակվել է կառավարական ամառանոցներում: Այստեղ կոմունալ ծախսեր չկան: Ինձ մոտ հարց առաջացավ՝ Նիկոլ Փաշինյանը կոմունալ ծախսեր է վճարո՞ւմ»:

Քաղաքականություն