Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի վերաբերյալ դատական նիստը հետաձգվեց
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանում ընթացող քրգործով դատական նիստը հետաձգվեց։
Երկու մեղադրյալներն էլ ներկա էին նիստին, դատական նիստը նախագահում էր դատավոր Վարդգես Սարգսյանը։
Նախքան նիստը հետաձգելը դատավորը հայտնեց, որ Վլադիմիր Գասպարյանը խզել է փաստաբանական կապը Հակոբ Մանուկյանի հետ, և առաջարկեց նոր փաստաբաններ ներգրավվել գործում։ Դատարանի համաձայնությամբ փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ալեքսանդր Կոչուբաևը ստանձնեցին Գասպարյանի պաշտպանությունը։
«Դատաքննության նյութերին չենք հասցրել ծանոթանալ, ուստի միջնորդում ենք, որ գործի քննությունը ողջամիտ ժամկետով հետաձգվի, որպեսզի դատաքննության նյութերին ծանոթանանք»,–ասաց Կոչուբաևը։
Դատավորը որոշեց հետաձգել նիստը. հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 24-ին` ժամը 10-ին։
Հիշեցնենք` ՀՔԾ–ում քննվող բազմադրվագ քրգործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից խոշոր չափերի հափշտակության դեպքեր։ Դրանց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն դրամի վնաս:
Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում կամ վատնում) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահում)։
Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: