Կառավարությունը ավելի կխստացնի տոպրակների վաճառքի արգելքը. նախորդի արդյունքը գոհացուցիչ չի եղել. ԶԼՄ

 Արդեն ավելի քան 1 տարի գործող կարգավորումը, որի համաձայն` արգելվում է 50 միկրոնից պակաս հաստության տոպրակների վաճառքը, ցանկալի արդյունք չի տվել։ Այս մասին, ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման, հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

Անարդյունավետությունը նախարարությունում պատճառաբանում են հանրության մոտ վարքագծի փոփոխության ցածր մոտիվացիայով, էկոլոգիական կրթության ու իրազեկվածության անբավարար մակարդակով, ինչպես նաև իրավակիրարկման գործիքակազմի և վերահսկողության կարողությունների անբավարար մակարդակով։

 

Օրենքն արդյունավետ չէր, մշակում ենք նորը

 

Նախարարության պատասխանում նշվում է նաև, որ գործող օրենքի անարդյունավետության մասին խոսվել է նաև դեկտեմբերի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` նախարարությունում անցկացրած խորհրդակցության ժամանակ։

«Այժմ ՇՄՆ–ի կողմից մշակվում է նոր օրինագիծ` պլաստիկ իրերի որոշակի խմբի (50 միկրոնից ավել հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, պլաստիկից կամ փրփրապլատմասսայից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի, կշռափաթեթավորման համար նախատեսված մեկանգամյա օգտագործման տարաների) վաճառքի (իրացման) արգելքի սահմանման նպատակով»,– ասված է գերատեսչության գրության մեջ։

Այլ կերպ ասած` նախարարությունում հաջորդ քայլով մտադիր են արգելել 50 միկրոնից ավելի հաստ պոլիէթիլենային տոպրակների, նաև մեկանգամյա օգտագործման պլաստմասսե սպասքի, սննդի փաթեթավորման համար օգտագործվող տարաների իրացումը։ Դրանք այն ամաններն են, որոնց մեջ փաթեթավորվում են երշիկեղենը, պանիրը և առանց գործարանային փաթեթավորման վաճառվող սննդամթերքի այլ տեսակներ։

ՇՄՆ–ին նաև հարցրել էինք, թե բնապահպանական ինչ ազդեցություն է ունեցել գործող արգելքը անցած 1 տարվա ընթացքում, որքանով է նվազել պոլիէթիլենային տոպրակներով շրջակա միջավայրի աղտոտումը, և որքանով են նվազել ՀՀ–ում պոլիէթիլենային տոպրակների արտադրության ու ներկրման ծավալները։

Այս հարցերից ոչ մեկի ուղիղ պատասխանը չենք ստացել։ Նախարարությունից միայն հայտնել են, որ տոպրակների օգտագործման կրճատման փաստացի ծավալները դուրս են ՇՄՆ լիազորություններից։

 

Բնությունը հիմա ավելի հաստ պլաստիկով է «պատվում»

 

Թե իրականում մեկ տարվա մեջ որքանով է կրճատվել պոլիէթիլենային տոպրակներով ՀՀ շրջակա միջավայրի աղտոտումը, բնապահպանական կազմակերպությունները ևս հստակ տվյալներ չունեն։

Սակայն բնության այս կամ այն տարածքը պլաստիկից մաքրելու ակցիաներ կազմակերպող «Էկո աղբ» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Վահե Սալահյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ բնության մեջ արդեն շատ հաճախ հանդիպում են 50 միկրոնը գերազանցող նոր, հաստ տոպրակները։

«Բանն այն է, որ աղբը դուրս նետող մարդու համար որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել։ Եթե նախկինում մինչև 50 միկրոն հաստությամբ տոպրակն էր նետում փողոց, ապա այսօր 50 միկրոնից հաստն է նետում։ Մենք դա արձանագրում ենք մեր մայրաքաղաքի կենտրոնից մինչև հեռավոր գյուղական համայնքներում»,– ասաց մեր զրուցակիցը։

Բնապահպանը կարծիք հայտնեց, որ բնության աղտոտումը կանխելուն ուղղված կառավարության իրավական նախաձեռնությունը 1 տարի առաջ ու այսօր էլ դրական է գնահատում միայն էկոլոգիական բարձր գիտակցությամբ հանրության փոքրաթիվ զանգվածը։ Մինչդեռ հասարակության մեծ մասը դա ընկալել է որպես եղած տոպրակների թանկացում։ Նրանք, ովքեր նախկինում էլ ձեռնպահ էին մնում պոլիէթիլենային տոպրակների գործածումից, օրենքի ընդունումից հետո էլ շարունակում են նույն վարքագիծը, մյուսները, ովքեր տոպրակ էին գնում, շարունակում են գնել` անկախ հաստությունից ու գնից, ու դրանք դարձյալ օգտագործում են աղբ թափելու համար։ Արդյունքում պլաստիկը դարձյալ հայտնվում է բնության մեջ, ընդ որում` նախկինից շատ ավելի հաստ ու ավելի վնասակար պլաստիկը։

«Տարբեր հաշվարկներ կան դրանց կենսաքայքայման վերաբերյալ։ Գնահատականներ կան` սկսած 100 տարուց մինչև 400 տարի` կախված դրանց հաստությունից։ Որքան հաստ է պլաստիկը, այնքան ավելի երկար ժամանակ է պահանջվում, որ այն, բնության մեջ հայտնվելով, ինքն իրեն կենսաքայքայվի»,-ասում է Վահե Սալահյանը։

Նա նաև հիշեցնում է, որ պոլիէթիլենային տոպրակների վնասակարության մասին հանրային–մասնագիտական քննարկումներ ու տեղեկատվական որոշակի արշավ տեղի ունեցավ 1-1.5 տարի առաջ` մինչև օրենքի ընդունումը։ Մինչդեռ դրանից հետո հանրության հետ աշխատանքն այս ուղղությամբ դադարեցվեց։ Նրա համոզմամբ` որպեսզի քաղաքացին ընկալի պետության վարած քաղաքականությունը, նախ պետք է տեսնի բնության պահպանությանն ուղղված հստակ ռազմավարություն, քայլերի տրամաբանական հաջորդականություն ու միայն դրանի հետո կկարողանա ճիշտ ընկալի իր կենցաղում առաջարկվող փոփոխությունները։

 

Առաջին աղյուսն արդեն խախուտ ենք դրել, փլուզում ենք ունենալու

 

Ինչ վերաբերում է օրենքի խստացման հաջորդ քայլին, որի մասին հայտնել է ՇՄ նախարարությունը, բնապահպանը նշում է, որ մինչ այդ պետությունը պետք է վերլուծի արդեն կատարված քայլերի արդյունավետությունը, հստակ գնահատի իրավիճակն ու նոր միայն որոշի հաջորդ քայլը։

«Որովհետև եթե մենք առաջին աղյուսն արդեն խախուտ ենք դրել, ապա բնական է, որ հաջորդը, երրորդը, չորրորդը տեղադրելուց հետո մենք փլուզում ենք ունենալու»,– ասում է նա։

Խնդրի լուծման համար բնապահպանը կառավարությանը խորհուրդ է տալիս ոչ թե օրենսդրական, այլ հանրային գիտակցության մակարդակում փորձել լուծումներ գտնել։

«Որպեսզի բնությունը շահի, պետք է լինեն մարդ կոչվող էակներ, որոնք մտածում են իրենց մասին, իրազեկված են, էկոգիտակցություն ունեն, ու անկախ նրանից, թե պլաստիկ տոպրակներն ինչ արժեն` 100 դրամ, թե 1000, նրանք այն պարզապես ձեռք չեն բերում ու առավել ևս բնության մեջ չեն գցում»,– համոզված է Սալահյանը։

 

Հիշեցնենք` 2022 թվականի հունվարի 1-ից հանրապետության տարածքում առևտրի կետերում արգելվեց մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը։

Վերահսկողությունն ու վարչական պատասխանատվության իրավասությունը օրենքով վերապահվեց համայնքային կառույցներին։

Ընդ որում` գործող օրենքը տոպրակի հաստության առավելագույն սահման չի նախատեսում, այն պարզապես պետք է 50 միկրոնից հաստ լինի։

50 միկրոնից բարակ տոպրակի իրացման համար նախատեսվում է 20-30 հազար դրամի տուգանք։

Երևանի քաղաքապետարանից մեզ տրամադրած տվյալների համաձայն` 2022թ–ի ընթացքում քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակիցները մայրաքաղաքի վաճառակետերում տոպրակների հաստությունը ստուգելու նպատակով իրականացրել են 180 ստուգայց: Կազմվել է 139 արձանագրություն՝ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակներ վաճառելու կամ անվճար տրամադրելու համար:

Հավելենք, որ 2022թ–ի հունվարի 1-ի դրությամբ երևանյան սուպերմարկետներում 10-15 դրամով վաճառվող տոպրակներն այսօր վաճառվում են 50 դրամով։